Իսպանիայում 3-ամյա երեխային հեռացրել են չվերթից՝ ինքնաթիռում տեղերի պակասի պատճառով. լրատվամիջոցներ

17:32 • 27.06.19

Երեքամյա անգլիացի Քլոե Միքոքին հեռացրել են EasyJet ավիաընկերության չվերթից՝ ինքնաթիռում տեղերի պակասի պատճառով։ Այս մասին հայտնում է handofmoscow.com-ը։

Միջադեպը տեղի է ունեցել իսպանական Մայորկա կղզում, որտեղ աղջիկը հանգստացել է ծնողների և 18 ամսական քրոջ հետ:

Օդանավակայանում ընտանիքին տեղեկացրել են, որ աղջիկը չի կարող վերադառնալ Լիվերպուլ, քանի որ ծնողները նրան առցանց չեն գրանցել:

«Երբ ժամանեցինք օդանավակայան, մեզ տեղեկացրին, որ Քլոեի տեղը վերավաճառել են, քանի որ առցանց չէինք գրանցել նրան»,- պատմել է աղջկա մայրը:

Սակայն կրկնակի ստուգումից հետո պարզվել է, որ տեղ չի բավականացնում արդեն աղջկա հորը՝ Քրիս Միքոքին։  Բարեբախտաբար, ինքնաթիռում տեղ են գտել ամբողջ ընտանիքի համար, սակայն երեխային նստեցրել են ծնողներից առանձին՝ ինքնաթիռի պոչային հատվածում:

Իսպանական ավիացիոն իշխանությունների միջամտությունից հետո ընտանիքի բոլոր անդամները միասին են նստել, քանի որ երկրի օրենքների համաձայն՝ մանկահասակ երեխաները չեն կարող թռչել ծնողներից առանձին:

EasyJet ավիաընկերության ղեկավարությունը ներողություն է խնդրել ընտանիքից և ասել, որ տեղերի բացակայության դեպքում ավիաընկերությունը պետք է նախ փորձի ուղևորների մեջ գտնել կամավորի, որը պատրաստ է թռչել հաջորդ չվերթով: