Դատարանը չի բավարարել վրացի ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային ձերբակալելու միջնորդությունը, սակայն արգելել է նրան ելույթ ունենալ հասարակական վայրերում

19:50 • 27.06.19

Թբիլիսիի քաղաքային դատարանի որոշմամբ՝ ընդդիմադիր պատգամավոր Նիկա Մելիային, որը ներկայացնում է «Միասնական ազգային շարժում» կուսակցությունը, արգելվել է հրապարակային հայտարարություններ անել հասարակական վայրերում:

Ինչպես հաղորդում է Новости-Грузия-ն, դատարանը նաև չի բավարարել դատախազության միջնորդությունը պատգամավորի նկատմամբ նախնական կալանք սահմանելու վերաբերյալ: Մելիան ազատ է արձակվել գրավի դիմաց: Դատարանը նրան պարտավորեցրել է հանձնել անձնագիրը և բնակվել գրանցման հասցեում: 

Դատավորի հայտարարության մեջ ասվում է, որ դատարանը որոշել է մասնակիորեն բավարարել Վրաստանի գլխավոր դատախազ Շալվա Թադումաձեի միջնորդությունը և որպես խափանման միջոց ընտրել գրավի դիմաց ազատ արձակումը: Գրավի գումարը սահմանվել է 30 000 լարի, որի վճարման ժամկետը 20 օր է: 

Հիշեցնենք, որ նախօրեին Վրաստանի խորհրդարանը կողմ էր քվեարկել Նիկա Մելիային անձեռնմխելիությունից զրկելուն, որից հետո Գլխավոր դատախազությունը միջնորդություն էր ներկայացրել դատարան՝ նրան ձերբակալելու համար: Պատգամավորին մեղադրում են հունիսի 20-ին մեկնարկած զանգվածային ցույցերի ժամանակ «խմբակային բռնություն» կազմակերպելու մեջ:

Նշենք, որ ցուցարարները հայտարարել էին, որ այսօր վերսկսել հանրահավաքը՝ հավաքվելով «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ: