Բուրիաթիայում ուղևորատար ինքնաթիռ է վթարվել, օդաչուները զոհվել են, կան տուժածներ (տեսանյութեր)
Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ մտնող Բուրիաթիայի Հանրապետության Նիժնեանգարսկ քաղաքատիպ բնակավայրի օդանավակայանում «Անգարա» ավիաընկերության Ան-24 օդանավը վթարային վայրէջք է կատարել, գրում է РИА Новости-ն՝ Բուրիաթիայի Հանրապետության ղեկավար Ալեքսեյ Ֆիշևին հղումով:
Միջադեպի հետևանքով 2 օդաչուները զոհվել են: Փրկարարների տվյալներով՝ ևս 19 մարդ հոսպիտալացվել է, իսկ ընդհանուր առմամբ ինքնաթիռում 43 ուղևոր է եղել, այդ թվում՝ մեկ երեխա: Բուրիաթիայի Հանրապետության ղեկավարը խոստացել է բոլոր տուժածներին համապատասխան աջակցություն ցուցաբերել:
Հայտնի է, որ օդ բարձրանալուց հետո ինքնաթիռի շարժիչներից մեկը չի աշխատել: Անձնակազմն օդանավակայան վերադառնալու որոշում է կայացրել: Նախնական տվյալներով՝ վայրէջքի ժամանակ ինքնաթիռը 100 մետր դուրս է եկել թռիչքուղուց և բախվել շինություններից մեկին, որից հետո հրդեհ է բռնկվել:
ՌԴ քննչական կոմիտեի Արևելյան Սիբիրի քննչական վարչությունը քրեական գործ է հարուցել թռիչքի անվտանգության կանոնները խախտելու վերաբերյալ, որը մարդկանց մահվան է հանգեցրել:
Первые секунды после крушения Ан-24 в Нижнеангарске pic.twitter.com/eIuGnR1mI8
— АРТЕМ КЛЮШИН (@ARTEM_KLYUSHIN) June 27, 2019










