Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում այսօր երեկոյան կվերսկսվի բողոքի ակցիան. ցուցարարները կշարժվեն Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ

14:44 • 27.06.19

Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում բողոքի ակցիան կվերսկսվի այսօր՝ ժամը 19:00-ին, հաղորդում է apsny.ge-ն:

Ցուցարարները որոշել են հունիսի 27-ին շարժվել «Վրացական երազանք - Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի մոտ:

Բողոքի ակցիայի մասնակիցները հայտնում են, որ ակցիաները չեն դադարի այնքան ժամանակ, մինչև Վրաստանի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չտա:

Նշենք, որ իշխանությունները կատարել էին ցույցերի մասնակիցների մյուս պահանջները՝ Վրաստանի խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարական, համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների նշանակում և հունիսի 20-ին բոլոր ձերբակալվածների ազատ արձակում:

Ներկայում Ռուսթավելի պողոտայում երթևեկությունը վերականգնված է: Իրավապահ մարմինները շարունակում են հսկել տարածքը:

Թբիլիսիում արդեն մի քանի օր է՝ բողոքի ակցիաներ են անցկացվում: Միայն հունիսի 20-21-ին Վրաստանի մայրաքաղաքում 305 ցուցարար էր ձերբակալվել, շուրջ 240-ը տուժել էին:

Հիշեցնենք, որ Թբիլիսիի կենտրոնում բողոքի ակցիաներն սկսվել են հունիսի 20-ին` ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի ելույթի պատճառով, որը ներկա էր եղել Վրաստանում անցկացվող Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստին: Նիստի մեկնարկից հետո նա նստել էր խորհրդարանի խոսնակի աթոռին և հավաքվածներին ռուսերենով ուղերձ հղել: