Հյուսիսային Կորեայում ավստրալացի ուսանող է կորել

11:11 • 27.06.19

Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում (ԿԺԴՀ) ավստրալացի ուսանող է կորել, որն անցած տարի Փհենյան էր մեկնել Կիմ Իր Սենի անվան համալսարանում կորեական գրականություն ուսումնասիրելու, հաղորդում է ABC հեռուստաալիքը:

Հեռուստաալիքի տվյալներով՝ 29-ամյա Ալեք Սիգլին ուսումից բացի զբաղվում էր նաև իր զբոսաշրջային ընկերության զարգացմամբ, որը մասնագիտացած է դեպի ԿԺԴՀ ուղևորությունների գծով:

Ուսանողի ընկերներն Ավստրալիայի արտգործնախարարություն են դիմել և հայտնել, որ Սիգլին մի քանի օր է՝ կապ չի հաստատել ոչ ոքի հետ և սոցկայքերում իր էջեր չի այցելել: Այժմ համապատասխան մարմինները քննում են կատարվածը:

Հիշեցնենք, որ 2017թ.-ին Հյուսիսային Կորեան վերադարձրել էր ամերիկացի ուսանողին, որն այնտեղ հյուրանոցում քարոզչական պաստառը պոկելու համար 15 տարվա ազատազրկման էր դատապարտվել: Ազատ արձակման պահին նա կոմայի մեջ է եղել և տուն վերադառնալուց հետո մահացել էր: Բժիշկները հայտնել էին, որ նա գլխուղեղի ծանր վնասվածք է ստացել, սակայն ԿԺԴՀ-ի իշխանությունները հայտարարել էին, որ նրա հետ լավ են վարվել և բժշկական օգնություն են ցուցաբերել: