Թբիլիսիում՝ խորհրդարանի շենքի դիմաց, հանրահավաք է ընթանում (ուղիղ)
Թբիլիսիի Ռուսթավելի պողոտայում վերսկսվել է հանրահավաքը: Վրացական մայրաքաղաքում բողոքի ակցիաները, արդեն ութերորդ օրն է, ինչ շարունակվում են:
Ինչպես հայտնում է Ազատություն ռադիոկայանի վրացական ծառայությունը, մարդիկ հավաքվում են խորհրդարանի առաջ: Տարբեր անձինք ելույթներ են ունենում հավաքաված մարդկանց առաջ:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հաղորդվող տվյալների համաձայն՝ ցուցարարները հունիսի 27-ին որոշել են շարժվել «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» քաղաքական միավորման նախագահ Բիձինա Իվանիշվիլիի բիզնես կենտրոնի ուղղությամբ:
Ցուցարարները շարունակում են պնդել, որ բողոքի ակցիաները չեն ավարտվի, քանի դեռ երկրի ներքին գործերի նախարար Գեորգի Գախարիան հրաժարական չի տվել: Գախարիայի հրաժարականը վրացիները պահանջում են ցույցերի առաջին իսկ օրվանից, որոնք մեկնարկել են հունիսի 20-ին:
Նրանք պահանջում էին նաև խորհրդարանի խոսնակ Իրաքլի Կոբախիձեի հրաժարականը: Այս հարցում իշխանությունները փոխզիջման են գնացել:
Հունիսի 20-ին մեկնարկած հանրահավաքի ժամանակ ցուցարարները փորձել են գրոհել խորհրդարանի շենքը, որից հետո հատուկջոկատայինները ռետինե փամփուշտներ և արցունքաբեր գազ են կիրառել: Բախումների հետևանքով 240 մարդ վիրավորվել էր: Բացի այդ, 305 մարդու բերման էին ենթարկել:
Զանգվածային ցույցերի պատճառ է հանդիսացել ՌԴ Պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովի՝ վրաց խորհրդարանի խոսնակի աթոռից ելույթ ունենալու փաստը: Հունիսի 20-ին վերջինս Թբիլիսիում բացում էր Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի նիստը, որի նախագահն է հանդիսանում:










