Ռուս ռազմական մասնագետները լքել են Վենեսուելան
Վենեսուելայում գտնվող ռուս ռազմատեխնիկական գծով մասնագետները լքել են Կարակասը և ինքնաթիռով Մոսկվա վերադարձել, գրում է Deutsche Welle պարբերականը՝ ՌԴ դեսպանատանը հղումով: Հայտարարության մեջ չի հստակեցվում՝ արդյոք բոլոր ռուս մասնագետներն են լքել Վենեսուելան:
Նշվում է, որ նրանք վերջին 3 ամիսներին Վենեսուելայում են գտնվել տեխնիկական աջակցություն ցուցաբերելու նպատակով, որը նախատեսված է եղել այդ երկրի հետ ռազմատեխնիկական ոլորտում կնքած պայմանագրերով:
Դեսպանատնից հստակեցրել են, որ ռուս մասնագետները դասընթացներ են վարել վենեսուելացի անձնակազմի համար, և որ խոսքն աշխատանքային պայմանագրի կատարման մասին է եղել, այլ ոչ թե լատինամերիկյան երկրում ռուսական ռազմական ներկայության:
Հիշեցնենք, որ մարտին ռուսական ռազմատրանսպորտային Իլ-62 և Ան-124 օդանավերը և շուրջ 100 զինծառայող ժամանել էին Կարակաս: Այդ ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ռուսաստանը պետք է «չքվի» Վենեսուելայից:










