Զոդի կամրջի ողբերգական վթարից տուժածներից երկուսը վաղը դուրս կգրվեն, 13-ամյա երեխայի կյանքին վտանգ չի սպառնում, մեկը գտնվում է վերակենդանացման բաժանմունքում
Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի ունեցած ՃՏՊ-ից հետո այս պահին Արարատ ԲԿ-ում կա երկու տուժած. այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ԲԿ-ի տնօրեն Արայիկ Սարդարյանը:
«Մեզ մոտ հիմա երկու տուժած կա՝ աղջիկ երեխա և միջին տարիքի տղամարդ, նրանց վիճակը բավարար է: Գիշերը հանգիստ են եղել, առավոտյան այցին բավարար վիճակում էին: Հավանաբար, վաղը դուրս կգրվեն, հետո արդեն ամբուլատոր բուժումը կշարունակեն»,- ասաց Սարդարյանը:
Նա նշեց, որ իրենց մոտից Երևանի ԲԿ-ներ տեղափոխված տուժածների վիճակը համեմատաբար ծանր էր, հիմնականում ստացել էին այրվածքներ և գանգուեղային տրավմաներ:
Նշենք, որ երեք տուժած տեղափոխվել է Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն: Այստեղ գտնվող երիտասարդ աղջիկը վիրահատվել է, վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր, բժիշկները շարունակում են պայքարել նրա կյանքի համար։
«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի խոսնակ Գևորգ Դերձյանը Tert.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված 13-ամյա երեխայի վիճակը շարունակում է մնալ միջին ծանրության: Կյանքին վտանգ չի սպառնում: «Երեխան գիշերը վիրահատվել է, վիրահատությունն անցել է լավ, որից հետո տեղափոխվել է համապատասխան բաժին: Գտնվում է բժիշկների հսկողության ներքո»,- ասաց նա:
Դերձյանը նշեց, որ երեխան ԲԿ էր տեղափոխվել ձեռքի կոտրվածքով, ոտքերի հատվածում կտրած-ծակված վերքերով ու ծնոտային քերծվածքներով:
«Էրեբունի» ԲԿ մամուլի խոսնակ Շուշան Հունանյանն էլ Tert.am-ին տեղեկացրեց, որ իրենց մոտ տեղափոխված պոլիտրավմաներով տուժածն էլ վերակենդանբացման բաժնում է, վիճակը կայուն ծանր է:
Հիշեցնենք, որ երեկ ժամը 15:15-ի սահմաններում Արարատի մարզում Զոդի կամրջին տեղի էր ունեցել ՃՏՊ. բախվել է երեք ավտոմեքենա: Զոհերի թիվը 6-ն է, տուժածները 13-ն են:










