Պատգամավորներին ու կառավարության անդամներին քաղաքացիները նամակ կգրեն Ամուլսարը չշահագործելու վերաբերյալ. հանրային քննարկումն ավարտվեց (տեսանյութ)

16:13 • 19.08.19

 

17:11

Սարյանի պուրակում Ամուլսարի թեմայով հանրային քննարկմանը ելույթ ունեցավ քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարին: Անդրադառնալով Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարի ձևերին նա ասաց, որ նույնիսկ բռնապետության պայմաններում բռնի գործողությունների չեն դիմել, խաղաղ գործողություններով են իրենց պայքարը մղել:

«Եթե ճանապարհներ փակել, ապա ընդամենը կարելի է մեքենաների անիվների տակ պառկելով, ոչ թե մարդկանց թույլ չտալով գնալ աշխատանքի, դա ինձ համար անընդունելի է»,-ասաց նա՝ Ամուլսարի հանքի շահագործման հարցում կարևորելով մասնագետների կարծիքը:

«Ես ունեմ իշխանություն, մենք ընտրել ենք իշխանություններ, որը չի բողոքարկվել և ցանկալի է նրանց հետ երկխոսության ճանապարհով գնալ. ոչ միայն վարչապետի, այլ պատգամավորների հետ»,-ասաց նա:

Քաղաքացիները քննարկման ընթացքում որոշեցին, որ պատգամավորների էլեկտրոնային հասցեներին մարդիկ իրենց նամակներն ուղղեն և քանի որ այս հարցը համազգային է, պահանջեն, որ պատգամավորները քաղաքական դիրքորոշումը հայտնեն:

Քաղաքացիներից մեկն, անդրադառնալով այսօր ոստիկանների ու ակտիվիստների միջև միջադեպին, նկատեց բացասական միտումները՝ ոստիկանները երկու շարքով պատ են կազմել, խորհրդարանի այգու դռնելը միտումնավոր փակվել են Ամուլսարի քննարկման առաջ, այնինչ հայտարարվել էր, որ այգու դռները բացվել են և այն հանրային է:

«Էլ չեմ խոսում ոստիկանության բռնի ուժի մասին, 5 հոգի կալանավորված ունենք, ինչի՞ համար, դժվար է հասկանալ»,-ասաց նա:

16:13

Այս պահին Սարյանի պուրակում ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մի խումբ ակտիվիստների և բնապահպանների մասնակցությամբ տեղի է ուենում հանրային քննարկում՝ Ամուլսարի հանքի շահագործման թեմայով:

Հիշեցնենք, որ այսօր Բաղրամյան 26-ում ընթանում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիների հանդիպումը՝ Ամուլսարի հանքի հետագա գործունեության թեմայով:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:

Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։

Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան:

Բաղրամյան 26-ում տեղի ունեցող հանդիպմանը զուգահեռ նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա էին իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

Ակցիայի մասնակիցների խոսքով՝ պետությունը պետք է կայացնի քաղաքական որոշում՝ պետական և ազգային շահերից ելնելով:

Նախագահական նստավայրի հարակից տարածքից ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ փորձեցին ԱԺ-ի դարպասներից ներս մտնել: Ոստիկանները, սակայն, փորձեցին խոչընդոտել ակտիվիստների մուտքը, որի հետևանքով քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:

Ցուցարարները փորձեցին փակել նաև Բաղրամյան փողոցը, սակայն ոստիկանները դարձյալ փորձեցին խոչընդոտել ակտիվիստների գործողությունները, որի հետևանքով ևս քաշքշուկ տեղի ունեցավ: Ոստիկանական ուժերը փորձեցին բռնի ուժով գետնին նստած ակտիվիստներին հեռացնել պողոտայից՝ երթևեկությունը կարգավորելու համար:

Քաշքշուկների հետևանքով Ազգային ժողովի բակից 6 քաղաքացի բերման ենթարկվեց ոստիկանություն՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով: Այս մասին Tert.am-ին հայտնեցին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից: