Այսօր երեկոյան պարզ կլինի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անցնո՞ւմ է ռուբիկոնը, թե՞ ոչ. հանրային քննարկում՝ Ամուլսարի թեմայով
Այս իրավիճակը ամենից շատ ձեռնտու է հակահեղափոխական ուժերին, նույն Ռոբերտ Քոչարյանին և նրան սատարող ուժերին, որոնք ամեն գնով ստեղծելու են այն իրավիճակը, որ Նիկոլ Փաշինյանի կառավարության դեմ գնա ընդվզում: Սարյան պուրակում Ամուլսարի հանքի բացման թեմայով քննարկմանն ասաց բնապահպան Աննա Շահնազարյանը:
«Ոստիկանությունը փակել էր Ազգային Ժողովի այգին, սրանից աբսուրդ բան չկա: Այսինքն՝ այս պահին գործ ունենք ռեպրեսիվ մեթոդների հետ: Մենք պետք է զգոն լինենք, և այս հարցը համաժողովրդական դիմադրության արժանանալու է, քանի որ փաստերը միայն ժողովրդի կողմից են խոսում»,-ասաց նա և կոչ արեց ինքնակազմակերպվել, մտածել պայքարի ձևերի մասին:
«Սա համաժողովրդական խնդիր է, քաղաքացիական խմբերը պետք է ինքնակազմակերպվեն և հանդես գան գործողությունների պլանով»,-ասաց Աննա Շահնազարյանը և նշեց, որ իրենք ոչ բռնի եղանակներով իրենց պայքարը շարունակելու են և միջազգային ասպարեզում ևս պայքարում են:
«Այսօր երեկոյան պարզ կլինի՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը անցնո՞ւմ է ռուբիկոնը, թե՞ ոչ»,-ասաց նա` տեղեկացնելով, որ այսօր վարչապետի կողմից Ամուլսարի հանքի շահագործման վերաբերյալ սպասվում է հայտարարություն:
«Ամուլսարն առանց հանքի. նախաձեռնության անդամ Գեղամ Օհանյանը նախաձեռնության անունից հայտարարեց, որ դուրս են գալու ակտիվ պայքարի` քայլերթերի, ցույցերի:
«Շատ դժվար է հեղափոխական կառավարությանն ակտիվ պայքարի միջոցով բան հասկացնելն այն ժամանակ, երբ երկրում գործում են այնպիսի ուժեր, որ չեն ցանկանում կառավարության լավը»,-ասաց նա և նշեց, որ մինչ հիմա փորձել են զերծ մնալ այդպիսի պայքարից:
Բնապահպաններից մեկը ևս կողմ արտահայտվեց կոնկրետ գործողությունների գնալուն:
«Դիրքապահ քառօրյա պատերազմի մասնակիցների միավորում» ՀԿ ղեկավար Մանվել Մանուկյանին էլ վրդովվեցրել էր ոստիկանների գործողությունները ցուցարարների նկատմամբ, ովքեր ճանապարհ էին փակել: Նա ասաց, որ քաղաքացին ազատ է իր իրավունքների արտահայտման մեջ. «Ինչպես նաև իմ դժգոհությունն եմ ուզում հայտնել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա վերաբերմունքի հետ կապված, որ նույնիսկ դուրս չեկավ քննարկմանը, Ջերմուկից եկած քաղաքացիներից չողջունեց»:
Այսպիսով` որոշվեց, որ վաղը երեկոյան ժամը յոթին ևս կհավաքվեն հանրային քննարկման:










