Վերաքննիչը մերժել է Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է ՀՀ նախկին փոխվարչապետ, «Մարտի 1»-ի գործով մեղադրյալ Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:
«Վերաքննիչ դատարանը՝ դատավոր Կարեն Մարդանյանի նախագահությամբ այսօր մերժեց Արմեն Գևորգյանի գույքի վրա դրված կալանքի հարցով դատախազության բողոքը՝ անփոփոխ թողնելով առաջին ատյանի դատարանի որոշումը»,-ասաց Ալեքսանյանը:
Հիշեցնենք, որ Արմեն Գևորգյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 38-300.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու մեջ, 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով՝ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով՝ հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու մեջ:










