Էպոխալ շրջադարձային փոփոխությունների պատրաստ ժողովուրդները ոչ միայն հաղթահարում են ժամանակահատվածի խնդիրները, այլև օգտվում հնարավորություններից․ Ս․ Ֆարմանյան (տեսանյութ)
Պատմական գիտությունների թեկնածու, հասարակական-քաղաքական գործիչ Սամվել Ֆարմանյանը և հրապարակախոս, պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանն այս անգամ զրուցել են մեր ժամանակաշրջանի առանձնահատկություններից՝ այն ժամանակաշրջանից որում մենք ապրում ենք։
Ֆարմանյանի խոսքով՝ գիտության տարբեր ճյուղեր տարբեր կերպ են բնորոշում այն էպոխան, որում մենք ապրում ենք։ Գիտության մի ուղղությունը այն համարում է տեղեկատվական հեղափոխության արդյունքում ձևավորված մի նոր էպոխա, մեկ այլ ուղղություն դա դիտարկում է որպես ինտենսիվ գլոբալիզացման ժամանակաշրջան։ Ակնհայտ է սակայն մեկ հանգամանք․ այն էպոխան, որում այսօր մենք ապրում ենք, ունի իր առանձնահատկությունները։ Փոխվել է աշխարհը, IT տեխնոլոգիաները մտել են բոլորիս կյանք, տարբեր բնագավառներ...
Հրանտ Տեր-Աբրահամյանի դիտարկմամբ՝ որևէ էպոխայի ժամանակակիցների համար ամենադժվար բանը սեփական էպոխան ճիշտ հասկանալն է, իսկ հեռվից, արդեն պատմական տեսանկյունից նայելով՝ ավելի հեշտ է հասկանալ միտումը, ավելի հեշտ է ընդհանրացված տեսնելը։
Զրույցի ընթացքում Ֆարմանյանը նշում է, որ քաղաքական բովանդակության տեսանկյունից, երբ մենք գնահատում ենք որևէ իշխանության հետահայաց աշխատանք, ապա կարևոր է մի առանձնահատկություն՝ ֆիքսել, թե որքանով է տվյալ իշխանությունը, որպես ժողովրդի և պետության համար պատասխանատվություն ունեցող էլիտա, կարողացել ճիշտ ընկալել էպոխայի բովանդակությունը ժամանակի ընթացքի մեջ և ժամանակի ռիթմի թելադրած առաջնահերթությունները։ Ֆարմանյանի կարծիքով` սա չափազանց առանցքային խնդիր է։
Հրանտ Տեր-Աբրահամյանը կարծում է, որ էլիտաների կողմնորոշմանը կարող են օգնել երկու մեթոդ՝ մեկը պատմական լայն հայացքն է, մյուսը համարձակությունը։ Նրա համոզմամբ` պետք չէ վախենալ ճգնաժամերից, քանի որ ճգնաժամերը և՛ մարտահրավերներ են, և՛ մեծ հնարավորություններ, այդ թվում՝ նաև փոքր ազգերի համար։
Բանախոսներն իրենց զրույցում նշում են, որ շատ հաճախ ժամանակաշրջանի փոփոխության արդյունքում քաղաքականապես թույլ թվացող ազգերը գլխավոր դերակատարություն են ստանձնում, և որ ճգնաժամերը միշտ չէ, որ պետք է ընկալել որպես վտանգ։
Մանրամասները՝ տեսանյութում։
Հաղորդման գործընկեր՝ INՍՊՈՐՏ մարզաառողջարանային կենտրոն










