Ավինյանի ձեռքով և վարչապետ Փաշինյանի իմացությամբ՝ Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատել են, այն դեպքում, երբ վերջինս հանցագործություններ է բացահայտել. ակտիվիստ

14:55 • 19.08.19

Ինֆորմացիա է տարածվում, թե Ամուլսարի հենակետերում գտնվող ակտիվիստներն իրենց կյանքի, անվտանգության և առողջության համար չեն պայքարում: Որպես Գնդեվազ գյուղի բնակիչ՝ պաշտոնապես հերքում եմ այս ամենը: Լրագրողների հետ զրույցում ասաց Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մասնակիցներից լրագրող Թեհմինա Գևորգյանը:

«Ամոթ է, որ վարչապետին փոխանցում են բամբասանքներ այն մասին, որ հենակետի ակտիվիստներին Պղնձամոլիբդենային կոմբինատից են սնունդ մատակարարում: Ընդամենը ծառայողական մեքենայով Գնդեվազ գյուղից երկու կգ ծիրան են բերել հենակետեր: Եվ սա մեկ տարի է շահարկում են: Այս բամբասանքը նույնիսկ վարչապետ Փաշինյանի շուրթերից է հնչել որպես փաստ: Նույնիսկ Զանգեզուրի Պղնձամոլիբդենային կոմբինատից են սա հերքել»,-ասաց ակտիվիստը:

Վերջինս նշում է, որ ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Արթուր Գրիգորյանին վարչապետ Փաշինյանը պաշտոնանկ է արել այն դեպքում, երբ վերջինս տեսչական ստուգումների արդյունքում կոռուպցիոն սխեմաներ էր հայտնաբերել «Պարոն վարչապետը շատ երկար պետք է մտածեր Տիգրան Ավինյանի նման անձին որպես փոխվարչապետ նշանակելու և միջազգային օլիգարխիայի շահերը Հայաստանում պաշտպանելուց առաջ:

Ավինյանի ձեռքով և վարչապետ Փաշինյանի իմացությամբ Արթուր Գրիգորյանին աշխատանքից ազատել են, այն դեպքում, երբ վերջինս հանցագործություններ է բացահայտել. հիմա ո՞վ է ուղղորդված: Տեսչական ստուգումների արդյունքում հայտնաբերված խախտումները կոծկվել են»:

Ինչ վերաբերում է վարչապետ Փաշինյանի հետ այսօրվա հանդիպմանը, ակտիվիստն այն ծիծաղելի որակեց. «Վարչապետը փաստեր է պահանջում, այդ փաստերը դատարանում են, իրեն էլ են ներկայացրել, սակայն դրանք նրա համար հիմնավոր չեն: Նա կրկնում է միայն ՔԿ-ի նախադասությունը՝ ռիսկերը կառավարելի են: Ոչ մի ռիսկ էլ կառավարելի չէ: Մեր տարածքում հանքի շահագործման թույլտվություն չի տվել և չի էլ տալու: «Լիդիան Արմենիան» 2017 թվականից չունի թույլտվություն, մի շարք փաստաթղթեր ուժը կորցրած են, իսկ վարչապետն ասում է փաստեր ցույց տվեք»: