Միշտ ասել են՝ կարևոր հարցերը պետք է որոշվեն տեղական հանրաքվեների միջոցով, Ամուլսարը շատ լավ առիթ է դրա համար. Անի Սամսոնյան

18:24 • 19.08.19

Tert.am-ի հետ զրույցում ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանը նշեց, որ խոսել է բերման ենթարկվածների հետ, նրանք ոստիկանական բաժանմունքից երբևէ բողոք չունեին. «Այն պահին, երբ ես գնացի, կազմում էին արձանագրությունները: Բերման ենթարկվածներից ոմանք հրաժարվել են բացատրություն տալ: Բողոքը հիմնականում բերման ենթարկողներից էր՝ կարմիր բերետավորներից, քանի որ, ինչպես նշում էին, նրանք կիրառել են ոչ համափաչ ուժ: Բերման ենթարկվածների վրա կային կապտուկներ: Այս առումով, ես կարծում եմ, որ մենք ոստիկանությունում ունենք անելիք: Բերման ենթարկելուց մարդկանց չեն ասում հիմքերը՝ ինչու են նրանց բերման ենթարկում, չեն ասում նրանց իրավունքներն ու պարտականությունները»:

Ինչ վերաբերում է ոստիկանական ուժերի կողմից կոշտ ուժի կիրառմանը, Սամսոնյանը նշեց, որ ենթադրում է՝ կա հրահանգ՝ չթողնելու փակել փողոցներ, չթողնելու, որ լինեն մարդաշատ ցույցեր այս թեմայով, որովհետև հստակ է, որ Կառավարությունն ունի հստակ որոշում՝ շահագործելու Ամուլսարի հանքը, իսկ այն ակցիաները, որոնք տեղի են ունենում ու կարող են թափ առնել, բնական է, ձեռնտու չեն իշխանությանը:

Հարցին՝ ինչ է պատրաստվում անել «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը, եթե որոշում կայացվի շահագործել Ամուլսարի հանքը, Սամսոնյանն ասաց՝ անելիքների մասին վաղաժամ խոսել չի կարող. «Մենք արդեն ասել ենք մեր դիրքորոշումն այն մասով, որ եթե ընդունվի Ամուլսարը շահագործելու մասին որոշում, դա ընդունվելու է այն եզրակացության հիման վրա, որը մեզ ներկայացրել էին, իսկ մենք ասում ենք, որ այդ եզրակացությունը բավարար չէ հանքը շահագործելու համար: Բացի այդ, նախընտրական քարոզարշավի ժամանակ, երբ մենք գնացել էինք Ջերմուկ, մենք ասացինք, որ ինչ որոշեն բնակիչները, մենք նրանց կողքին ենք: Մի բան էլ կա՝ միշտ ասել են, որ կարևոր հարցերը պետք է որոշվեն տեղական հանրաքվեների միջոցով: Ես կարծում եմ Ամուլսարը շատ լավ առիթ է՝ տեղական հանրաքվե անցկացնելու»: