Անցած տարի նույն մարդուն վարչապետ դարձնելու համար կարողանում էինք դա անել, իսկ հիմա ԱԺ մուտքը փակվեց. բերման ենթարկված քաղաքացիներ
Ոստիկանության Արաբկիրի բաժին Ազգային ժողովի մոտից բերման ենթարկված Գեղամ Գևորգյանը և Ռոլանդ Մարտիրոսյանը քիչ առաջ ազատ արձակվին:
Tert.am-ի հետ զրույցում Գեղամ Գևորգյանը նշեց, որ իրեն բերման ենթարկելու պրոցեսը ուղեկցվել է բռնությամբ, մարմնի վրա ամբողջությամբ հետքեր կան, և դեռևս մտածում է՝ այդ մասին հաղորդում տա, թե ոչ:
Ռոլանդ Մարտիրոսյանը ևս նշեց, որ իրեն բռնի ուժով են բերման ենթարկել, իսկ ոստիկանությունում արդեն ամեն ինչ նորմալ է եղել:
Գեղամ Գևորգյանը նշեց, որ իրենք այլ տարբերակ չունեին, քան փողոցը փակել, ինչը իրենց սահմանադրական իրավունքն է: «Եթե անցած տարի նույն մարդուն վարչապետ դարձնելու համար կարողանում էինք դա անել, դա գնահատվում էր խաղաղ, թավշյա անհնազանդություն, ինչպես սիրում էր վարչապետը ասել, ապա այդ նույն գործողությունն այսօր արեցինք մեր իրավունքը պաշտպանելու համար, նախ մեր առաջ Ազգային ժողովի մուտքը փակվեց, որը կրկին մենք ենք բացել վարչապետի առաջ, որ գնար վարչապետ նստեր»,-ասաց նա:
Ըստ նրա՝ այս ամենը ցույց է տալիս, իշխանությունը չի ցանկանում լսել քաղաքացիների բողոքը: Նա նշեց, որ վարչապետը խոստումը չի կատարում: «Շատ մեծ, խորը հիասթափություն կա, չէինք պատկերացնում, որ սենց լինի»,-ասաց նա:
Ռոլանդ Մարտիրոսյանը նշեց, որ անգամ անցած տարի նման բռնության նույն գործողությունների համար չի ենթարկվել: «Նույնիսկ նախկին ռեժիմի պայմաններում չի եղել, որ ոստիկանների քանակը ցուցարարներից շատ լինի, իսկ այս դեպքում ոստիկանները 2-3 անգամ շատ են եղել»,-ասաց նա և նշեց, որ ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանի, ո՛չ Ռոբերտ Քոչարյանի, ո՛չ էլ Սերժ Սարգսյանի ժամանակ չի եղել, որ ցուցարարների հանդեպ ավելի մեծ քանակ ոստիկան:










