Մեր պետության շահերից է, որ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որ Ամուլսարի հանքը շահագործվի. Նիկոլ Փաշինյան (լրացված, տեսանյութ)
22:05
Եթե ՀՀ կառավարությունը ճնշումների պետք է ենթարկվեր, ապա Ամուլսարի շուրջ բոլորովին այլ իրադարձություններ կլինեին: Ամուլսարի վերաբերյալ իր խոսքը եզրափակելով՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով նաև այն դիտարկումներին, թե այս հարցում կառավարությունը ենթարկվել է միջազգային ճնշումների:
«Եթե ճնշման էինք տրվում, ինչո՞ւ էինք սպասում, միանգամից ճնշման կտրվեինք: Հակառակը՝ ամենահատուկ ձևով կասեցվել են բոլոր այն փորձերը, որոնք այդպիսի ենթատեքստ են ունեցել»,-ասաց նա և նշեց, որ շատ դժվար է լեգիտիմ իշխանությանը ճնշել, չի ուզում ասել՝ անհնար է, բայց այդպես է:
«Ինչպիսին է իրավիճակն այսօր, այսպիսին է. մեկ տարի առաջ առաջադրել ենք պայմաններ: Մենք պետք է մեր իսկ առաջադրած պայմանին համընթաց քայլենք, հակառակ դեպքում կստացվի, որ ՀՀ-ն անլուրջ պետություն է: Այս պահին մեր ունեցած տեղեկատվությամբ համոզված եմ 99,9 տոկոսով, մենք պետք է առաջնորդվենք այն պայմանով, որը մեկ տարի առաջ ներկայացրել ենք, որ եթե պարզվի՝ անվտանգ է Սևանի, Ջերմուկի ջրերի համար, մենք թույլ կտանք շահագործվի հանքը՝ հաշվի առնելով ներդրումները, իսկ եթե վտանգ կա, այլ ճանապարհով կգնանք: Սա հստակ մեր դիրքորոշումն է եղել, և մենք այսօր մեր պայմանը պետք է ապահովենք և բավարարենք»,-ասաց նա:
Վարչապետը նորից ասաց, որ ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա կոչ է անում կառավարությանը հնարավորություն տալ զբաղվել այս հարցով: «Ես 2018 թվականին ասել եմ, որ, անկեղծ եմ ասում, չեմ հասկանում քաղաքացիական անհնազանդության այն գործողությունը, որ շարունակում է տեղի ունենալ Ամուլսարում, ես խնդիրներ ունեմ այդ գործողության նպատակը հասկանալու առումով, քանի որ այդ գործունեության նպատակը կարող է երկակի մեկնաբանությունների տեղիք տալ:
Եվ ուրեմն մեր պետության, երկրի շահերից է, որ մեր կողմից առաջադրած լեգիտիմ պայմանը բավարարենք, այսինքն՝ հնարավորություն տանք, որպեսզի Ամուլսարի հանքը շահագործվի: Ես հիմա խոսում եմ այս պահի դրությամբ առկա տեղեկատվությամբ, և եթե ի հայտ կգա տեղեկատվություն, որ այս տեղեկատվությունը գլխիվայր կշրջի, ես կաշկանդված չեմ: Ամուլսարի հարցում ներգրավված կողմերը տարբեր շահերի դաշտում են, իմ դիրքորոշումը տարբերվում է նրանով, որ որևէ շահի դաշտում չեմ, բացի Հայաստանի հավասարակշռված շահի պաշտպանումը և սպասարկումը, և այս իրավիճակում ես երաշխավորում եմ, որ կարող եմ հանդես գալ 100 տոկոսով ՀՀ շահը սպասարկու դիրքերից»,-ասաց նա:
21:47
Վարչապետը նշեց, որ հանքի շահագործումը Ջերմուկի ճակատագիրը, որպես առողջարանային քաղաք, ևս չի վտանգում, բնապահպանական խնդիր չկա ոչ միայն ջրի, այլ նաև օդի, շրջակա միջավայրի հարցում:
Զբոսաշրջության հետ կապված պնդումների վերաբերյալ նա ասաց, որ կան աշխարհում շատ զբոսաշրջության քաղաքներ, որոնցից քիչ հեռու գործում են հանքեր:
«Ինչ ասում եմ, մեր ձեռքի տակ առկա տեղեկատվության հիման վրա եմ ասում»,-ասաց նա և նշեց, որ հանրային քննարկում է լինելու, և եթե հանկարծ մի քանի օրվա ընթացում նոր փաստ լինի, որը հաշվի չեն առել, կառավարությունը կաշկանդված չէ, ինքը կաշկանդված չէ դիտարկելու այդ նոր փաստը:
Նա նշեց, որ այսօրվա քննարկման ժամանակ հանդես է եկել ընդդիմախոսի դերում և հարցադրումներ արել, և ամենասուր հարցերը տրվել են, և ստացել են պատասխաններ, որոնց արդյունքում եկել են եզրակացության:
«Մի շատ կարևոր նյուանսի մասին եմ ուզում խոսել: Այս ընթացքում կարևոր հանգամանք կա. բերում են փաստարկներ և էլի շարունակելու են բերել, բայց դրանք լսելիս խնդրում եմ հաշվի առնել, որ այդ փաստարկները բոլորը հնչել են մեկ տարի առաջ, և դրանք ես լսելով նախաձեռնել եմ քրեական գործի հարուցում, որ դրանց պատասխանները տրվեն: Իմ կողմից շատ հարգված մարդիկ տեքստեր էին ասում, և ես ասում էի, որ դրանք մի տարի առաջվա տեքստեր են, և չեք կարող ինձ մեղադրել, որ դրանք չեմ լսել, ես դրանք կարդացել եմ, քունս կորցրել եմ, բայց ես հո մատիցս հոտ քաշելով, մարդկանց երդման հիման վրա որոշում չեմ կայացնելու, պետք է ինստիտուցիոնալ լինի որոշումը»,-ասաց նա և նշեց, որ հիմա հարցազրույցներ են տալիս և ասում են մեկ տարի առաջվա բաները:
21:33
Վարչապետը ներկայացրեց միջազգային փորձաքննության արդյունքները Ամուլսարի հանքի շահագործման հարցում, որը Քննչական կոմիտեն ներկայացրել է կառավարության նիստին:
Նա նշեց, որ վատագույն դեպքում հանքի շահագործման արդյունքում վնասը այնքան քիչ է լինելու, որ հնարավոր չի լինելու չափել: «Եթե օրինակ մեկը ենթադրենք Սևանի ափին իր մեքենան լվանում է, դա, անշուշտ, բնապահպանական վնաս է հասցնում Սևանա լճին, բայց դա այնքան փոքր է, որ լաբորատորիայով ուսումնասիրենք, չենք կարող գտնել հասցրած վնասը: Մի օրինակ էլ բերեմ. հիմա Սևանի ափամերձ բնակավայրերի և Սևանի ափին մարդու գործունեության հետևանքով Սևանին տասնյակ, եթե ոչ 100-ավոր անգամներ ավելի մեծ վնաս է պատճառվում, քան կարող է Ամուլսարի գործունեությանն հետ կապված ֆորսմաժորի դեպքում լինել»,-ասաց նա և նշեց, որ Քննչական կոմիտեի նախագահը ներկայացրել է, որ Ջերմուկի ջրերի համար նախագիծը որևէ վտանգ չի պարունակում, իսկ Արփա-Որոտան գետերի ջրային համակարգի վրա ազդեցության ռիսկերը կառավարելի են:
Վարչապետն ասաց, որ «Էլլարդ»-ը նշում է, որ կան այսպիսի անորոշություններ, բայց նույնիսկ այդ դեպքում, եթե Լիդիանը կիրառի 16 մեղման միջոցներ, ապա ռիսկերը կլինեն կանխատեսելի, այսինքն`ոչ մի լիտր աղտոտված ջուր չի լինի, և Լիդիանն ասում է, որ այդ մեղման միջոցներից տասը նախատեսել են, և հինգն էլ կներգրավվեն, և Քննչական կոմիտեն էլ գալիս է այդ եզրակացության:
Ինչ վերաբերում է այն փաստարկին, թե, քննչական մարմինները քննիչ են, բնապահպանական մասնագետ չեն, վարչապետը օրինակ բերեց, որ Քննչական կոմիտեն տարբեր գործեր է քննում՝ սպանության, դրամի կեղծման և եզրակացություն է տալիս:
«Ասում ենք՝ կան վտանգներ, բայց բնապահպանական ռիսկը կառավարելի է»,-ասաց նա և վստահեցրեց, որ մշտական մոնիտորինգ են իրականացնելում և եթե տեսնեն, որ այդ հանքը շահագործելիս Լիդիանը չի պահում պայմանը, օրենսդրությամբ զգուշացնելու են և տալու են 90 օր թերությունը վերացնելու համար, և չվերացնելու դեպքում հանքը փակվում է:
«Ամուլսարը շատ բարձր բնապահպանական, ՀՀ-ի համար աննախադեպ ստանդարտներով է շահագործվելու»,-ասաց նա և նշեց, որ հիմա այս պայմաններում ՀՀ կառավարությունը պետք է մյուս հանքերին ներկայացնի, որ իրենց ստանդարտները բարձրացնեն և ունի լծակներ՝ դա պարտադրելու այդ ընկերություններին:
Վարչապետը նկատեց, որ շատ հանքարդյունաբերության ընկերություններ աջակցում են Ամուլսարի հանքի շահագործման դեմ ակցիաներին, որ խնայեն գումարներ իրենց ստանդարտները բարձրացնելու համար:
«Մենք մեր նախընտրական ծրագրում գրել ենք, որ Հայաստանում բնապահպանական ամենաբարձր ստանդարտները կիրառվեն»,-ասաց նա:
20:56
Կա շատ պարզ պայման. հանքի շահագործել-չշահագործելու խնդիրը պետք է լուծվի փաստերի հիման վրա: Ամուլսարի վերաբերյալ շարունակելով իր խոսքն՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նա նշեց, որ գլխավոր հարցերն էին, թե հանքի շահագործումը Ջերմուկի ջրային համակարգին վնասելու է թե ոչ, Սևանին վնասելու է, թե ոչ, և քրեական գործի փորձաքննության արդյունքում ևս մեկ հարց առաջացավ՝ Արփա-Որոտան գետերի ջրային համակարգին վնասելու է, թե ոչ:
«Սա եղել է մեր պայմանը հանրայնորեն, այս տրամաբանությունը զարգացրել ենք, սրանից հետո ԱԺ ընտրություններ են եղել, բոլոր հարցերի վերաբերյալ ստացել ենք վստահության քվե և բոլոր առումներով արձանագրել ենք որպես պայման Ամուլսարի հանքի հետագա շահագործման հարցում»,-ասաց նա:
Նա նշեց, որ բազմաթիվ նյութեր, բոլոր նամակները այս թեմայով կարդացել է, որի արդյունքում գիշերները չէր կարողանում քնել: Ըստ վարչապետի՝ ներկայացվող պնդումն այն էր, որ ըստ էության մենք Սևանը կորցնում ենք բնապահպանական մասով, Ջերմուկի ջուրը կորցնում ենք, և հարց է առաջացել, թե ինչպիսի որոշում կայացնի:
«Ցանկացած որոշման համար հիմք պետք է լինի: Նամակների մի մասում գրվում է, թե կատաստրոֆա է դա Հայաստանի համար, և մյուս մասը ասում են, որ լավ նախագիծ է: Ես հասկացա, որ պետք է ինստիտուցիոնալ լուծում գտնել: Նամակներից մեն այնպիսին էր, որ հասկացա, որ կա հավանականություն քրեական գործ հարուցելու վերաբերյալ և մակագրեցի Քննչական կոմիտեի նախագահին, որի հիման վրա հարուցվեց քրեական գործ»,-ասաց նա և նշեց, որ քրեական գործը հարուցվել է իր նախաձեռնությամբ այդ նամակի հիման վրա:
Նա նշեց, որ քննչական կոմիտեի հաջորդ գործողությունն այն է արել, որ դաշտում եղած բոլոր նյութերը դարձրել է հիմք, իր քրեական գործի մաս, իսկ հաջորդ քայլը ներգրավում է Հայաստանի ներկայացուցիչներին, այնուհետև միջազգային փորձագետներին:
Նիկոլ Փաշինյանը նշեց, որ միջազգային փորձաքննություն է իրականացվել, որը 400 հազար դոլար է արժեցել, հայտարարվել է մրցույթ:
20:42
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօր ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերում անդրադարձավ Ամուլսարի հանքի շահագործման հարցին: Նա նախ մեջբերեց իր հայտարարությունը 2018 թվականի հունիսի 25-ին, որտեղ ասել է, որ չի հասկանում քաղաքացիական անհնազանդության գործընթացը Ամուլսարում, և իրենց գործողությունները պետք է փաստերի հիման վրա լինեն, և իրենք կաշկանդված չեն ոչնչով, ցանկացած որոշում անհերքելի փաստերի վրա պետք է լինի, եթե խնդիրը սաբոտաժը չէ:
Իր մեջբերած հաջորդ մեջբերումը 2018 թվականի հուլիսի վեցից էր, որտեղ ասել է, որ հանքի շահագործման պրոցեսը վաղուց է սկսվել, ահռելի ծավալի ներդրում է արվել: «Հանքի հետ կապված որոշումը պետք է կայացնել փաստերի, ոչ թե էմոցիաների հիման վրա»,-ասաց նա և կարևորեց Հայաստանի հավասարակշռված շահը:
«Այդ տվյալ կոնտեքստում ի՞նչ եմ նկատի ունեցել Հայաստանի հավասարակշռված շահ ասելով, քանի որ հավասարակշռված շահն ունի բնապահպանական, տնտեսական, իրավական կոմպոնենտ, և հավասարակշռված շահն այն է, որ այս բոլոր շահերը հավասարակշռվում են: Այսօր հանդիպման ժամանակ ասացի, որ բնապահպանության շահն էլ պետք է հավասարակշռված լինի և օրինակ բերեց, որ եթե Բաղրամյան 26-ը չկառուցվեր, կարող էր լիներ կանաչ դաշտ, որտեղ խոտեր, դաշտեր աճեին, ինչը բնապահպանական առումով նորմալ կլիներ: Նույնը վերաբերում է Երևան քաղաքին: Բնական կածանը ավելի լավ է բնապահպանական առումով, քան ասֆալտապատված ճանապարհը»,-ասաց նա և շարունակեց մեջբերումներ անել իր նախկին հայտարարություններից:
20:28
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում անդրադառնում է Ամուլսարի հանքի շահագործմանը:
Վարչապետը նշեց, որ նախորդ տարի ասել էր, որ իր համար անհասկանալի էին ըմբոստության բողոքները: Ապա հիշեցրեց իր կողմից ավելի վաղ կատարված հայտարարություններն այս հարցով:
Հիշեցնենք, որ օրերս Քննչական կոմիտեն հրապարակել է Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները, որի կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին:
Ըստ այդ փորձաքննության արդյունքների՝ եզրակացության ընթացքում 16 կետ է նշվել, որոնք պահպանելու դեպքում բնապահպանական ռիսկերը կդառնան կառավարելի:
Ջերմուկի բնակիչները և ոչ միայն նրանք դեմ են հանդես գալիս այս արդյունքներին, հանրահավաքներ ու երթեր են անցկացվել: Այսօր հանդիպում է կայացել վարչապետի հետ:










