Միջադեպ ԱԺ-ի դիմաց՝ Ամուլսարի բնապահպանների ու ոստիկանների միջև. 6 ակտիվիստ բերման է ենթարկվել (տեսանյութ)

14:52 • 19.08.19

15:32

Ակտիվիստների փոխանցմամբ՝ ոստիկանները բերման են ենթարկել 5 ակտիվիստի: Նրանցից մեկը հայտնեց. «Միքայել Մարգարյան, Անի Խաչատրյան, Հարություն Սիմոնյան, Անի Հակոբջանյան և մի տղա, ում ինքնազգացողությունը վատ է: Անի Հակոբջանյանի հետ չենք կարողանում կապ հաստատել: Անի Խաչատրյանը նշեց, որ իր հետ ևս 4 հոգի է եղել մեքենայում: Անի Խաչատրյանն ասաց, որ բռնություն են կիրառել իրենց նկատմամբ: Հիմա մենք գնում ենք Սարյանի այգի, որտեղ կանցկացնենք հանրային քննարկում»:

Նշենք, որ ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից էլ Tert.am-ին հայտնեցին, որ այս պահի դրությամբ Ազգային ժողովի բակից 6 քաղաքացի է բերվել ոստիկանության Արաբկիրի բաժին՝ ոստիկանի օրինական պահանջը չկատարելու հիմքով:

15:18

ԱԺ-ի շենքի դիմաց իրավիճակը շարունակում է լարված մնալ: Ոստիկանները այս պահին պատ են կազմել ԱԺ մուտքի դիմաց՝ թույլ չտալով ակտիվիստներին մուտք գործել ԱԺ բակ:

15:17

Նախագահական նստավայրի հարակից տարածքից ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիայի մասնակիցները շարժվեցին դեպի ԱԺ, որտեղ փորձեցին ԱԺ-ի դարպասներից ներս մտնել: Ոստիկանները, սակայն, փորձեցին խոչընդոտել ակտիվիստների մուտքը, որի հետևանքով քաշքշուկ տեղի ունեցավ ցուցարարների և ոստիկանների միջև:

Ցուցարարները փորձեցին փակել նաև Բաղրամյան փողոցը, սակայն ոստիկանները դարձյալ փորձեցին խոչընդոտել ակտիվիստների գործողությունները, որի հետևանքով ևս քաշքշուկ տեղի ունեցավ: Ոստիկանական ուժերը փորձեցին գետնին նստած ակտիվիստներին բռնի ուժով հեռացնել պողոտայից՝ երթևեկությունը կարգավորելու համար:

«Նիկոլն այս պահին շարունակում է Սերժի ծրագիրը: Ինքը մերժել է Սերժին, սակայն անում է Սերժի բոլոր ծրագրերը: ԱԺ-ի մուտքը փակելով՝ նա կանգնում է իր խոսքից, որ ԱԺ-ն տալիս է ժողովրդին»,-նշեց ակտիվիստներից Մկրտիչ Գրիգորյանը:

14:52

Ազգային ժողովի դիմաց միջադեպ է գրանցվել, ոստիկանության ծառայողները փակել են դարպասները ժողովրդի դիմաց:

Ազգային ժողովի դիմաց միաժամանակ երկու բողոքի ակցիա է ընթանում՝ ընդդեմ ստամբուլյան կոնվենցիայի ստորագրահավաքն ու Ամուլսարի հանքի շահագործման դեմ բողոքող քաղաքացիներն Ազգային ժողովի դիմաց են:

Բնապահպանները փորձել են Աշզգային ժողովի բակում քննարկում անցկացնել, սակայն ոստիկանները փակել են Ազգային ժողովի դարպասները: Իրավիճակն այս պահին լարված է: