Փաշինյանի հետ հանդիպմանը որևէ տրամաբանված մտահանգում չտեսա. ակտիվիստը բոյկոտել է Ամուլսարի հարցով քննարկումը. ուղիղ

11:23 • 19.08.19

13։40

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս պահին չի մասնակցում քննարկմանը․ նա փակ հանդիպում է ունենում «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների հետ։




13:27

Փաշինյանն անընդհատ խոսում էր փաստերի մասին, որևէ ռացիոնալ, տրամաբանված մտահանգում ես չտեսա, ես տեսա միայն միմյանց կողքի շարված մանիպուլյացիոն նախադասություններ, որոնցով իրավիճակը այլ կերպ էր ներկայացվում: Լրագրողների հետ զրույցում վարչապետ Փաշինյանի հետ ընթացող հանդիպումն այսպես որակեց հանդիպմանը մասնակցած բնապահպան Աննա Շահնազարյանը: Վերջինս նշեց, որ բոյկոտել է վարչապետի հետ հանդիպումն ու դուրս եկել, քանի որ հանդիպումն արդյունավետ չի համարում:

«Վարչապետի հետ հանդիպմանն այս պահին մասնակցում է մոտ 60-70 հոգի: Այնտեղ կան Ջերմուկի բնակիչներ, Ջերմուկի ավագանու անդամներ, կային մարդիկ, որոնց ոչ ոք չէր ճանաչում, սակայն նրանք ներկայանում էին որպես տեղի բնակիչներ»:

12:27

Նախագահական նստավայրի դիմաց ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման ակցիա իրականացնողներին մոտեցավ նաև ՀՀ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանը: Վերջինս նշեց՝ առնվազն Արփա, Դարբ, Որոտան գետերի մասով Ամուլսարի հանքի շահագործման ծրագիրը թերի է. «Սա ընդունել են և՛ փորձագետները, և՛ «Լիդիան Արմենիա» ընկերության ղեկավարները: Եթե այս խնդիրները լուծված չեն, ինչ շահագործման մասին է խոսքը: Միայն սա բավարար է, որ հանքը չշահագործվի»:

12:21

Այս պահին Բաղրամյան 26-ում ընթանում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ջերմուկցիաների հանդիպումը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք նաև, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:

Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։

Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան:

Բաղրամյան 26-ում տեղի ունեցող հանդիպմանը զուգահեռ նախագահական նստավայրի դիմաց մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիա են իրականացնում՝ ընդդեմ Ամուլսարի հանքի շահագործման:

«Ամուլսարի հանքի շահագործումը մեր երկրի համար ռազմավարական մակարդակի վտանգ է ներկայացնում: Հանքի շահագործման արդյունքում կարող են աղտոտվել թե՛ Ջերմուկի, թե՛ Սևանա լճի ջրերը, իսկ մենք գիտենք, որ Սևանը թե՛ Հայաստանում, թե՛ տարածաշրջանում քաղցրահամ ջրի ամենամեծ պաշարն է: Եթե մենք թունավորեցինք Սևանը, այս տարածաշրջանում ապրել այլևս չի լինի»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Վերջինս անդրադարձավ նաև ՔԿ-ի հրապարակած փորձագիտական հետազոտության արդյունքներին՝ նշելով՝ ՔԿ-ն փորձում է մանիպուլյացիա անել. «Ի սկզբանե մենք պետք է հասկանանք, որ հանքի փորձաքննություն տեղի չի ունեցել, տեղի է ունեցել փաստաթղթի փորձաքննություն, այսինքն՝ ՇՄԱԳ-ի փորձաքննություն: Սրա արդյունքում՝ այդ ընկերությունը ֆիքսել է, որ ինքը չի կարող երաշխիքներ տալ, որ Ջերմուկի ու Սևանի ջրերը չեն աղտոտվի, քանի որ առկա փաստաթղթում չկան համապատասխան տվյալներ: Այսինքն՝ փորձագետները, ըստ էության, ասում են՝ 50-50 է հավանականությունը՝ կաղտոտվեն ջրերը, կամ՝ ոչ»:

Ակցիայի մասնակցի խոսքով՝ պետությունը պետք է կայացնի քաղաքական որոշում՝ պետական և ազգային շահերից ելնելով. «Այստեղ հարցը բացառապես քաղաքական է, այլ հարց չկա»:

11:09

Ամուլսարի հանքի շահագործման դեմ պայքարող ակտիվիստների ավտոերթը հասավ Երևան:

Ակտիվիստները Երևանի Նորագավիթ թաղամասում թողել են իրենց մեքենաներն ու մետրոյով շարժվել դեպի Բաղրամյան 26, որտեղ վարչապետ Փաշինյանը հանդիպում է նախաձեռնել Ջերմուկի համայնքապետի, ավագանու անդամների, դպրոցների տնօրենների հետ:

Փաշինյանն առաջարկել էր հանդիպել նաև քաղհասարակության հինգ ներկայացուցչի հետ, սակայն նրանք մերժել էին վարչապետի առաջարկն ու Ջերմուկից ավտոերթով եկել Երևան:

Նշենք, որ օրեր առաջ Ջերմուկում հանրահավաք տեղի ունեցավ, որտեղ քաղաքացիները սպասում էին վարչապետ Նիկոլ Փաշինյանին, որը խոստացել էր փորձաքննության արդյունքները պատրաստ լինելու դեպքում գալ ու քննարկել հանքի շահագործման հարցը: Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն հրապարակել էր Ամուլսարի ոսկեբեր քվարցիտների հանքավայրի շահագործման հետ կապված համալիր փորձաքննության արդյունքները:

Դրա կատարումը հանձնարարվել էր Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբին։