Համացանցում հայտնվել են կադրեր Սիրիայում զինված հակամարտության պատճառով ամբողջովին ամայացած քաղաքից (տեսանյութ)

23:09 • 19.08.19

Համացանցում հայտնվել է տեսանյութ, որում ցուցադրվում են կադրեր Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի բանակի կողմից օդային և ցամաքային հարձակումներից տուժած Խան Շեյխուն քաղաքից, գրում է Anadoglu գործակալությունը:

Ասադի բանակի և Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի կողմից հասցված հարվածների հետևանքով փետրվար ամսից ի վեր Խան Շեյխունում (իդլիբ նահանգ) 8 դպրոց, 3 բուժհաստատություն, ենթակայան, քաղաքացիական բանակի կենտրոն և 3 հացի փուռ է ոչնչացվել:

Մինչև Սիրիայում զինված հակամարտության մեկնարկը քաղաքի բնակչությունը 100 000 մարդ է եղել, մինչդեռ այժմ այդ թիվը գրեթե 0-ի է հավասար:

Սիրիայում դեէսկալացիայի տարածքի հարավում Խան Շեյխուն քաղաքի համար մարտերը շարունակվում են: Այսօր հայտնի է դարձել, որ Ասադի բանակը հսկողություն է հաստատել քաղաքին մոտ գտնվող տարածքում՝ փորձելով շրջափակել այն: Միևնույն ժամանակ ընդդիմության և Ասադի հակառակորդների ուժերը կորցրել են Խան Շեյխունի շրջակայքում գտնվող Ֆաքիր քաղաքի վերահսկողությունը:

Հիշեցնենք, որ Սիրիայում զինված հակամարտությունը սկսվել է 2011թ.-ին՝ նախագահ Բաշար ալ Ասադի վարչակարգի դեմ համազգային ցույցերից հետո: Հետագայում այն կառավարության ուժերի և ապստամբ զինյալների միջև քաղաքացիական պատերազմի էր վերածվել: Այն մեծապես ավերել են նաև ահաբեկիչները: