Մարկ Զախարովն անձնավորում էր ռուսական թատրոնի հաջողությունը. Մեդվեդևն ընդգծել է ռեժիսորի արվեստի իմաստնությունն ու անկեղծությունը

20:00 • 28.09.19

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևն, անդրադառնալով ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռեժիսոր Մարկ Զախարովի մահվանը, նշել է, որ նա անձնավորել է ռուսական թատրոնի հաջողությունը, նրա արվեստն իմաստուն էր, միշտ անկեղծ և խորաթափանց:

«Այլևս մեզ հետ չէ Մարկ Զախարովը: «Ծիծաղի և արցունքների հաջորդականությունը հաջողակ ռուսական թատրոնի պարտադիր պայմանն է», - ասում էր նա: Այդ հաջողությունը նա անձնավորել է իր արվեստով՝ իմաստուն, մշտապես անկեղծ և խորաթափանց: Մարկ Զախարովը սովորեցնում էր անսխալորեն տարբերակել կեղծը ճշմարտությունից, չհավատալ գեղեցիկ խոսքերին, հրաշքներ գործել»,- գրել է ՌԴ վարչապետն իր ֆեյսբուքյան էջում:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, Մարկ Զախարովի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին «Լենկոմ» թատրոնում: Այս մասին հայտնել է թատրոնի տնօրեն Մարկ Վարշավերը:

Այսօր ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանում 85 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Լենկոմ» մոսկովյան թատրոնի գեղարվեստական ղեկավար, թատրոնի և կինոյի ռեժիսոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մարկ Զախարովը: Մարկ Զախարովը «12 աթոռ», «Սովորական հրաշք», «Սիրո բանաձև» և այլ ֆիլմերի ռեժիսորն է:

 

Մարկ Զախարովն անձնավորում էր ռուսական թատրոնի հաջողությունը. Մեդվեդևն ընդգծել է ռեժիսորի արվեստի իմաստնությունն ու անկեղծությունը