«Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը սկսել է իր «օսկարյան արշավը», սակայն դերասանական կազմից ոչ ոք չի հավակնում մրցանակի. Daily Mail
Հոլիվուդյան «Վրիժառուները. Վերջնախաղ» ֆիլմը ներկայում տարվա ամենաշահութաբեր ֆիլմն է՝ ինչպես երկրի ներսում (858,3 մլն դոլար), այնպես էլ ամբողջ աշխարհում (2,796 մլրդ դոլար), և այժմ այն սկսում է իր «օսկարյան արշավը», գրում է Daily Mail-ը:
For Your Consideration կայքից հետևում է, որ Disney ստուդիան ֆիլմն արդեն ներկայացրել է «Օսկար» մրցանակաբաշխության ավելի քան 12 անվանակարգերում, ներառյալ՝ «Լավագույն ֆիլմ», «Լավագույն ռեժիսոր» և «Լավագույն սցենար», սակայն, ի զարմանս երկրպագուների և կինոսերների, դերասանական կազմից ոչ ոք, նույնիսկ՝ Ռոբերտ Դաունի կրտսերը դերասանական փայլուն խաղի համար չի հավակնում մրցանակի, գրում է աղբյուրը:
Հաշվի առնելով երեք ժամ տևողությամբ ֆիլմում դերասանների փայլուն խաղը՝ «Լավագույն դերասան/ դերասանուհի» անվանակարգերում չառաջադրվելն աղբյուրը բացատրում է ֆիլմի դերասանական մեծ կազմով, որը դժվարեցնում է կոնկրետ դերասանական խաղի առանձնացումը:
Աղբյուրը նաև չի բացառում, որ ֆիլմի անվանակարգերում կարող են փոփոխություններ և ավելացումներ տեղի ունենալ:
Նշված անվանակարգերից բացի, «Վրիժառուները. Վերջնախաղ»-ը կմրցի նաև «Լավագույն կինեմատոգրաֆիա», «Հագուստի լավագույն ձևավորում» և այլ անվանակարգերում:
Marvel-ի կոմիքսների սուպերհերոսների խմբի՝ վրիժառուների մասին «Վրիժառուները. Վերջնախաղ» էկրանավորման պրեմիերան կայացել է 2019 թվականի ապրիլի 26-ին:













