Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը որևէ պատժիչ գործողություն կատարելու խնդիր չունի. Տիգրան Կարապետյան (տեսանյութ)
Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող ԱԺ հանձնաժողովը նպատակ չունի որևէ մեկին պատժել, սակայն եթե պարզվի, որ կոնկրետ պաշտոնյայի գործողություններն իրավական գնահատականի կարիք ունեն, ապա կդիմենք իրավապահներին, այս մասին Tert.am–ի հետ զրույցում ասաց ԱԺ Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տիգրան Կարապետյանը։
«Որևէ մեկին պատժելու խնդիր չկա, բայց եթե ընթացքում պարզվեն,որ կան գործողություններ, որոնք իրավական գնահատական ստանալու անհրաժեշտություն ունեն, իհարկե կդիմենք իրավապահ մարմիններին: Հիմա անտեղի են այդ բոլոր շահարկումները»,- ասաց նա:
Հարցին, թե երբ կհրապարակվի հանձնաժողովի կազմած զեկույցը և հիմնականում ի՞նչ բացահայտումներ են արվել, պատգամավորը պատասխանեց, որ զեկույցը կհրապարակվի, երբ պատրաստ լինի, այս պահին կոնկրետ ժամկետ նշել չի կարող:
«Այս պահին մանրամասներ նշել չեմ կարող: Բայց քանի որ վերջին օրերին շահարկվում են մեր քննիչ հանձնաժողովի աշխատանքները, ասել ենք ու հիմա էլ ասում ենք, որ որևէ քաղաքական ենթատեքստ հանձնաժողովը չունի: Որևէ պատժիչ գործողություն կատարելու խնդիր չկա»,- նշեց նա:
Տիգրան Կարապետյանի խոսքով՝ հիմա օբյեկտիվորեն ստուգվում են փաստաթղթերը, և լսում են Ապրիլյան պատերազմին մասնակցած զինվորներին: Խնդիր է դրված բանակում այսուհետ բացառել նմանատիպ խնդիրները:
Հարցին, թե 2020 թվականին պետական բյուջեի նախագծով պաշտպանության ոլորտին ուղղված ծախսերը բավարար համարվում է, թե՝ ոչ Կարապետյանը պատասխանեց. «Մենք հիմա գտնվում ենք մի իրավիճակում, որ եթե նույնիսկ այսօր 2 անգամ ավելացվի այն բյուջեն, որը նախատեսվում է 2020 թվականին, ինձ համար, որպես Պաշտպանության եւ հանձնաժողովի անդամ բավարար չէ»,- ասաց նա և հավելեց, որ պետությունը առավելագույնն է անում բանակի կարիքները հոգալու համար։
Անդրադառնալով՝ Արցախի Ազգային անվտանգության նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանի հայտարարություններին, Տիգրան Կարապետյանն ասաց, որ Վիտալի Բալասանյանն անցնում է կարմիր գիծը: «Վիտալի Բալասանյանը մեծ մասնակցություն է ունեցել Արցախի ազատամարտում, բայց այդ ամենից հետո անել հայտարարություններ, ֆիզիկապես ոչնչացնելու կոչեր անել. անհեթեթ հայտարարություններ, հերոսին ոչ սազական հայտարարություններ»,- ասաց նա:
«Ես «Սասնա Ծռերի» մասով չեմ ասում, «Սասնա Ծռերը» թող իրենք պատասխանեն Վիտալի Բալասանյանին: Ես խոսում եմ ՀՀ վարչապետի մասին: Վիտալի Բալասանյանը, եթե որոշել է մտնել քաղաքական դաշտ, կարծում եմ՝ այդ փորձն իր մոտ ֆալստարտ էր»,- նկատեց Կարապետյանը:
Հիշեցնենք, որ Վիտալի Բալասանյանը հարցազրույցներից մեկում, անդրադառնալով «Սասնա Ծռերին», ասել էր, որ 2016 թվականին ներեցին «այդ ահաբեկիչներին», սակայն հիմա ինքը հայտարարում է՝ ֆիզիկապես ոչնչացնելու են նրանց, ովքեր կփորձեն ոտնձգություն անել իր Արցախի ժողովրդի, պետության, պետականության, սահմանների, Արցախի իշխանությունների նկատմամբ:
Մանրամասները՝ տեսանյութում։









