Մեծ Բրիտանիայում ձերբակալել են ոսկյա զուգարանակոնքի գողության մեջ կասկածվողներին
Բրիտանական ոստիկանությունը երեք մարդու է ձերբակալել՝ Ուինսթոն Չերչիլի ծննդավայրը հանդիսացող պալատից ոսկյա զուգարանակոնքը գողանալու կասկածանքով:
Ինչպես հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով տեղի ոստիկանական բաժանմունքի հաղորդագրությունը, գողության մասին գործի հետաքննության շրջանակներում ձերբակալվել են 34 և 35-ամյա տղամարդիկ և 36-ամյա կին: Նրանք բոլորն էլ Օքսֆորդի բնակիչներ են:
Նրանց մեղադրանք է առաջադրվել՝ նախապես պայմանավորվածությամբ իրականացված ներխուժման և գողության մեջ: Այլ մանրամասներ չեն հաղորդվում, հայտնի չէ, թե արդյոք գողոնը վերադարձվել է, թե ոչ:
Հիշեցնենք, որ Բլենհեմյան պալատից 18 կարատանոց ոսկուց պատրաստված զուգարանակոնքն անհետացել էր սեպտեմբերին: Այն պալատում որպես ցուցանմուշ էր տեղակայվել, սակայն դրանից կարող էին օգտվել ամրոցի այցելուները:









