Մեծ Բրիտանիան և Եվրամիությունը համաձայնության են եկել Brexit-ի շուրջ
Եվրամիությունը և Մեծ Բրիտանիան Brexit-ի պայմանների շուրջ պայմանավորվածություն են ձեռք բերել։ Այս մասին հոկտեմբերի 17-ին Twitter-ում հայտնել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը:
Նրա խոսքով՝ «Հյուսիսային Իռլանդիայի մասին լրացուցիչ արձանագրության և քաղաքական հռչակագրի վերաբերյալ պայմանավորվածությունները, որոնք կլրացնեն ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու մասին համաձայնագիրը», ձեռք են բերվել երկու օրվա բանակցություններից հետո:
«Երբ կա քաղաքական կամք, կլինի և համաձայնագիր, և մենք ունենք այն»,- հայտնել է նա:
Յունկերը հավելել է, որ խորհուրդ է տվել ԵՄ-ի գագաթնաժողովին հավանություն տալ այդ գործարքին:
Համաձայնության հասնելը հաստատել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը։
«Հիանալի նոր գործարք է ձեռք բերվել, որի շնորհիվ մենք ավելի շատ ազատություններ կստանանք: Այժմ խորհրդարանը շաբաթ օրը պետք է թույլ տա մեզ իրականացնել Brexit-ը»,- Twitter-ում գրել է նա:









