Կոչ կանեմ հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը ինձանից չպաշտպանել. Ա. Հարությունյանը՝ բուհերում 3 առարկայի ոչ պարտադիր դասավանդման մասին
Շատ հաճախ աղմուկն ավելի շատ է, քան իրական քննարկումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը` անդրադառնալով «Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքի նախագծի» աշխատանքային տարբերակի` «Հայոց լեզու», «Հայ գրականություն» և «Հայոց պատմություն» առարկաների`բուհերում պարտադիր դասավանդման դադարեցմանն ու դրան հասարակության լայն շերտերի բացասական արձագանքին:
«Ես պարզապես կոչ կանեմ հայոց լեզուն, հայ գրականությունը և հայոց պատմությունը ինձանից չպաշտպանել, որովհետև ես այդ հայագիտական բլոկի դասավանդման հետ կապված իմ դիրքորոշումը շատ վաղուց եմ հայտնել: 2010 թվականին կար «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների բացմանը» նախաձեռնությունը, որի հիմնադիրներից մեկը ես եմ, և ինձ համար տարօրինակ է, որ այսքան պաթոսախառն և հայրենասեր տեքստեր այն ժամանակ այս ծավալի չկային: Ո՞ւր էին այդ մարդիկ, երբ շատ ռեալ վտանգված էր դպրոցներում այս առարկաների դասավանդումը: Մենք 50-100 հոգի էինք, հիմա բոլորը կարողանում են իրենց «կուրծքը ծեծել» «ֆեյսբուքներում», բայց իրական քննարկումների մեջ չմտնել»,-ասաց նախարարը` նշելով, որ լուծումները, որոնք առաջարկում է նախարարությունը, շատ տրամաբանական են:
«Դպրոցները 12-ամյա են, և աշակերտներն այն ավարտում են 18 տարեկանում, և եթե նախկինում բուհ ընդունվելը 16 տարեկանից էր, և շատ հաճախ ասում էին, որ դպրոցում տարիքը չի ներում, օրինակ, հայոց պատմությունը ընկալել հենց այն ծավալով, և, ինչպես հնարավոր է ավելի հասուն տարիքում, այդ հարցը լուծված է»,-ասաց Հարությունյանը:
Վերջինիս խոսքով` այս նախագծով ուժեղացնում են դպրոցներում տվյալ առարկաների դասավանդումը: «Այսինքն` բովանդակությունը փոխվում է այնպես, որ դրա կրկնումը բուհերում այլևս անհրաժեշտություն չի լինում»,-ասաց ԿԳՄՍ նախարարը` նշելով, որ այս խնդիրը եղել է դեռ 1990-ականներից, երբ դժգոհություններ կային, որ ոչ մասնագիտական առարկաների դասավանդման հետևանքով մասնագիտական առարկաների համար դասաժամեր չեն մնում:









