«Նախորդ իշխանությունների ժամանակ ինչո՞ւ չեք դժգոհել», «այն ժամանակ 30 մլն չի տրվել մեկին, բա մյուս զոհվածնե՞րը». բանավեճ՝ Ն. Փաշինյանի և Մ. Խաչատրյանի միջև (տեսանյութ)

10:55 • 17.10.19

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Կառավարությունում հանդիպել է զոհված զինծառայողների մայրերին: Հանդիպումն անցավ բավականին թեժ մթնոլորտում՝ բանավեճերով, մեկը մյուսի հասցեին քննադատություններով:

Զոհված զինծառայողների մայրերը կառավարությունից պահանջում են ընդլայնել փոխհատուցում ստացողների ցանկը, ինչպես նաև ներառել Արցախյան ազատամարտի ընթացքում զոհված զինծառայողների ընտանիքները:

«Շահառուների շրջանակը որոշվել է այն ժամանակ, երբ Դուք իշխանությունների հետ շատ լավ հարաբերություններ ունեիք: Եվ ես չեմ հիշում, որ Դուք երբևէ այսպիսի հանդիպում ունեցած լինեք Սերժ Սարգսյանի հետ, նախկին վարչապետների հետ և այդ շեշտադրումներով հանդես գաք: Ինձ համար տարօրինակ է դա: Այն ժամանակ ինչո՞ւ չեք եկել կառավարության կամ նախագահական դիմաց նստել»,- դիմելով «Զինվոր» համակարգող խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի հարցադրումներին ի պատասխան՝ Մարգարիտա Խաչատրյանը նշեց. «Որովհետև այն ժամանակ 30 մլն չէր տրվել»: 

«25 տարի բանակի կողքին քայլում եմ և երբևիցե չեմ ունեցել նման խնդիր, որ դիմեմ կառավարությանը, ԱԺ-ին, նախագահին, և իմ դիմումներն անպատասխան մնան: Փոխվել է իշխանություն, եղել է հեղափոխություն, և Դուք ժողովրդի կողքին եք, ուստի ակնկալիքը Ձեզանից է, որ հետամուտ կլինեք, և այս զոհվածների ընտանիքները ևս կգտնվենք Ձեր ուշադրության կենտրոնում: Որոշակի խնդիրներ առաջացան, երբ Դուք մեկին հատկացնում եք 30 մլն, իսկ մնացած զոհվածների՞ն: Նրանք էլ են հայ, մենք էլ ենք հայ»,- ասաց Մարգարիտա Խաչատրյանը:

Հիշեցնենք, որ Կառավարության որոշմամբ՝ մարտիմեկյան իրադարձությունների ընթացքում զոհված քաղաքացու իրավահաջորդին պետությունը 30 միլիոն դրամ կտրամադրի, առողջությանը ծանր վնաս հասցված անձին՝ 15 միլիոն, առողջությանը միջին ծանրության վնաս հասցված անձին էլ՝ 5 միլիոն դրամ։ Այս նպատակով պահուստային ֆոնդից Արդարադատության նախարարությանը 720 միլիոն դրամ է հատկացվել:

Վարչապետը զոհված զինծառայողների մայրերի հետ հանդիպմանը նաև նշեց, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը արագ տեմպերով ընդլայնում է շահառուների շրջանակը: Նրա տեղեկացմամբ՝ հիմնադրամը սկսել է վճարումներ կատարել 1998 թ. հունվարի 1-ից հետո զոհված զինծառայողների ընտանիքների անդամներին և առաջին, երկրորդ կարգի հաշմանդամություն ստացող զինծառայողներին. «Մեր նպատակն այն է, որ հետ գնանք, հասնենք ամենասկիզբ, բայց, իհարկե, դա որոշակի աշխատանք է պահանջում մեզանից, և այդ աշխատանքը մենք կկատարենք»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: