Ամերիկյան CBS-ի սերիալի նոր մասի անոնսում հատուկջոկատայիններն ադրբեջանցիներին «պաշտպանում» են հայերից. ԱՄՆ հայկական կազմակերպությունները դատապարտել են (տեսանյութ)

17:53 • 17.10.19

Ամերիկյան CBS հեռուստաալիքը հրապարակել է «Հատուկ ջոկատ» (SEAL Team) հեռուստասերիալի նոր դրվագի անոնսը, որտեղ գործողությունները զարգանում են Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև ընկած տարածքում:

Սերիալի նոր դրվագում հրահանգիչը բացատրում է առաջադրանքի էությունը հատուկջոկատայիններին, որոնք պետք է ճանապարհվեն դեպի Ադրբեջան. նրա խոսքով` «հայկական զինված ուժերը Ղարաբաղի տարածքում խախտել են հրադադարը, և ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տեղակայված էլեկտրակայանը վտանգի է ենթարկված»:

«Ադրբեջանը մեր միակ դաշնակիցն է Կասպից ծովի տարածաշրջանում»,- ասում է հրահանգիչը հատուկջոկատայիններից մեկին և նշում, որ ամերիկյան հատուկջոկատայինները պետք է ճանապարհ ընկնեն` «պաշտպանելու ադրբեջանական էլեկտրակայանը»:

Հեռուստաալիքի եթերում նման դրվագի հեռարձակման հանգամանքը դատապարտել են ԱՄՆ հայկական կազմակերպությունները:

«Մենք դատապարտում ենք CBS հեռուստաալիքի եթերով հեռարձակվող հեռուստասերիալը` ադրբեջանական բռնապետությունը «գովաբանելու» և Հայաստանին` որպես ագրեսոր պետություն ներկայացնելու համար: Ադրբեջանական քարոզչությունը տեղ չունի ամերիկյան հեռուստաեթերում»,- գրել է Ամերիկայի հայկական խորհրդի մամուլի ծառայության Twitter-յան էջը:

ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը (ANCA), իր հերթին, հայտարարել է, որ նման դրվագի գոյության միակ բացատրությունն այն է, որ, փաստորեն, CBS-ը գոյատևում է ադրբեջանական «աշխատավարձով»: