Կատալոնիայի ղեկավարը դիտարկում է անկախության երկրորդ հանրաքվեի անցկացումը՝ չդադարող ցույցերի ֆոնին

20:32 • 17.10.19

Կատալոնիայի ղեկավար Կիմ Տորան չորրորդ օրն ինքնավար մարզում շարունակվող բողոքի ցույցերի վերաբերյալ կոչ է արել անհապաղ վերջ դնել բռնությանը:

«Մենք դատապարտում ենք բռնությունը… Սրան պետք է վերջ տալ հենց հիմա»,- Տորայի խոսքը մեջբերում է BBC News-ը՝ նշելով, որ վերջինս հավելել է, որ Կատալոնիայի անկախության հարցով նոր հանրաքվե կկազմակերպի:

Մի քանի օր շարունակ բախումներ են տեղի ունենում ցուցարարների և ոստիկանության միջև այն բանից հետո, երբ 9 կատալոնացի առաջնորդների ազատազրկման են դատապարտել անկախության ձախողված հանրաքվեն կազմակերպելու համար:

Բախումների հետևանքով 96 մարդ է վիրավորվել: Նախորդ գիշեր տեղի ունեցած ցույցի մասնակիցներից ոմանց բերման են ենթարկել Բարսելոնայում, Լյեյդայում, Տառագոնայում և Ժիրոնայում: