Երևի եկել էին, տեսնեին՝ ինչ «դղյակներ» ունենք. ԱԱԾ քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատանն էին (տեսանյութ)

18:07 • 17.10.19

Հարցաքննություն չի եղել, միայն հետաքրքրվել են, թե տան տանիքը երբ և ինչ միջոցներով ենք վերանորոգել. այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը՝ ԱԱԾ աշխատակիցների՝ իր տնից հեռանալուց հետո:

Ավելի վաղ Tert.am-ը հայտնել էր, որ Ազգային անվտանգության ծառայության քննիչները ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հոր առանձնատուն են գնացել՝ Դարակերտ համայնք:

Վարդան Թովմասյանը նշեց՝ թույլ է տվել, որպեսզի ԱԱԾ-ականները ստուգեն տանիքը, սակայն որևէ փաստաթուղթ չի ստորագրել:

Tert.am-ի հարցին՝ ինչո՞վ է պայմանավորում ԱԱԾ այս գործողությունները, նա պատասխանեց. «Բոլորդ էլ հասկանում եք, թե ինչն է պատճառը, ի՞նչ ասեմ»:

Նա տեղեկացրեց, որ հարցաքննություն չի եղել և նորից հավելեց, որ միայն տան տանիքից են հետաքրքրվել: «Իրենց արած գործն ինչ է, ես չիմացա: 12 տարի առաջ ենք տանիքը վերանորոգել, բարեկամ մարդ է վերանորոգել, երևի առիթ էր, որ գան, տեսնեն՝ ինչ «դղյակներ» կան»,- ասաց նա:

Հարցին՝ մտահոգություններ ո՞ւնի կապված այս գործողությունների հետ,նա պատասխանեց. «Ո՞վ մտահոգություն չի ունենա նման արարքի համար»:

Նա նաև տեղեկացրեց, որ վաղը փաստաբանի հետ կգնա ԱԱԾ:

Հիշեցնենք, որ այսօր ԱԱԾ ներկայացուցիչները զանգահարել էին Հրայր Թովմասյանի հորն ու դուստրերին և հրավիրել ԱԱԾ՝ «զրույցի»՝ չբացատրելով, թե ինչու և որ գործի շրջանակում։

Հրայր Թովմասյանի հայրը՝ Վարդան Թովմասյանը, նրանց հայտնել է, որ վատառողջ է և չի կարող ԱԱԾ ներկայանալ։ ԱԱԾ ներկայացուցիչները նշել են, որ այդ դեպքում իրենք կգնան նրանց տուն: