Միգուցե, ընթացիկ վերանորոգումներ են անցկացնում, բայց նման վթարներ պարբերաբար լինում են. Էրիկ Գրիգորյանը՝ Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարի մասին

13:33 • 17.10.19

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատից դեպի Արծվանիկի պոչամբար գնացող խողովակաշարի վթարից արտահոսք է եղել, և հոսքաջրերը լցվել են Ողջի գետը, դա անմիջապես պոչամբարից չէր: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ այսօր  վաղ առավոտյան, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերությանը պատկանող Արծվանիկի պոչամբարի մետաղյա խողովակաշարի 2-րդ դյուկերում տեղի ունեցած վթարի հետևանքով, հոսքաջրերը լցվել են Ողջի գետ։

Նախարարի խոսքով՝ Տեսչական մարմինը տեղում փորձանմուշներ է վերցրել: Նա նշեց՝ բնապահպանական  օրենսդրությունը սահմանում է այն պատիժների և վնասների փոխհատուցման չափը, որը կհաշվարկեն ու կներկայացնեն:

«Բնապահպանական օրենսդրությամբ ջրի աղտոտման համար վնասների փոխհատուցման շատ ծիծաղելի չափեր են նախատեսված: Այժմ մենք վերանայում ենք այդ համակարգը, մի քանի պատիկներով ավելացվելու է: Նախկինում էլ եղել են վթարներ, հաշվարկել են վնասը, ասենք, 500 հազար դրամ, և դրանով փակվել է»,- ասաց Գրիգորյանը:

Հարցին՝ ի՞նչ քանակությամբ ջուր է հասել, և արդյո՞ք վտանգն իսպառ վերացել է խողովակի զոդումից հետո, Էրիկ Գրիգորյանը պատասխանեց, որ իր կարծիքով՝ փակ խողովակից այլևս չի հոսի,  իսկ աղտոտման ծավալները և վնասի աստիճանի մասին տեսչական մարմինը հայտարարություն կանի:

Նախարարը հայտնեց նաև, որ այդ խողովակաշարը Քաջարանից տասնյակ կիլոմետրերով հոսում է և հասնում է Արծվանիկի պոչամբար.

«Միգուցե, ընթացիկ վերանորոգումներ են անցկացնում, բայց նման վթարներ պարբերաբար լինում են: Իսկ մեղավորությունն, իհարկե, գործարանինն է»,-ասաց նա: