Ոստիկանությունն ուսումնասիրում է Analitik.am-ի գլխավոր խմբագրի` կայքի լրագրողին և օպերատորին քաղաքացու կողմից դանակով սպառնալու մասին հրապարակումը
Ոստիկանությունն ուսումնասիրում է Analitik.am կայքի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը, ըստ որի` այսօր կառավարության շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիաները լուսաբանելու ընթացքում Analitik.am-ի լրագրողին և օպերատորին մոտեցել է մի քաղաքացի և ցույց տվել դանակ՝ սպառնալով և խանգարելով նրանց գործունեությանը:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի լրատվության և վերլուծության բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը` նշելով, որ ծառայությունն իրականացնող ոստիկանների առաջարկը, որ Analitik.am-ի լրագրողը կամ օպերատորը ներկայանան ոստիկանություն` հաղորդում տալու, մերժվել է:
«Ըստ նախնական ստուգումների` դանակը եղել է կենցաղային: Միևնույն, ժամանակ Անի Հովհաննիսյանի հրապարակումն ուսումնասիրվում է»,- ասաց Զարզանդ Գաբրիելյանը:
Հիշեցնենք, որ Analitik.am-ի գլխավոր խմբագիր Անի Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ «լրագրողը տեղյակ է պահել ոստիկաններին, որ քաղաքացու մոտ դանակ կա, սակայն ոստիկանները ցուցաբերել են անգործություն, ոչինչ չեն արել՝ ասելով, որ եղածն ընդամենը «խոհանոցային» դանակ է»:









