Բարսելոնայում ցուցարարներն աղբամաններով փակել են քաղաքի փողոցները, այրել ավտոմեքենաներ

01:03 • 17.10.19

Կատալոնիայի տարբեր քաղաքներում չորեքշաբթի երեկոյան կրկին բողոքի ակցիաներ են սկսվել, ամենամարդաշատ հավաքն անցկացվում է Բարսելոնայում, հաղորդում է РИА Новости-ն:

Աղբյուրի փոխանցմամբ՝ Բարսելոնայի Գրան-Վիա փողոցում հավաքված հազարավոր ցուցարաներ զուգարանի թուղթ են շպրտել օդ, ինչն, իրենց ձևակերպմամբ, խորհրդանշում է այն, որ ինքնավար հանրության մեջ «մաքրելու դեռևս շատ բան կա»:

Այնուհետև ցուցարարները հավաքը շարունակել են Ներքին գործերի նախարարության շենքի մոտ, որտեղ ոստիկանները ստիպված են եղել նրանց հեռացնել ուժի գործադրմամբ, հայտնում է ТАСС-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ բախումներից հետո ակցիայի մասնակիցները սկսել են աղբամաններով փակել քաղաքի փողոցները: Նշվում է, որ ցուցարարների գործողությունների հետևանքով 6 ամտոմեքենա է այրվել:

Հանրահավաքներ են անցկացվում նաև Ժիրոնայում, որտեղ ցուցարարները պահանջում են Ներքին գործերի նախարարի խորհրդական, գեներալ Միքելե Բուկի հրաժարականը:

Ավելի վաղ, Բուկը դատապարտել էր արմատականների գործողությունները և հայտարարել անկարգությունների ընթացքում Կատալոնիայի իրավապահ մարմինների գործողությունների իրավաչափ լինելու մասին:

Բողոքի ակցիա տեղի է ունենում նաև Լերիդա քաղաքում:

Իսպանիայի Գերագույն դատարանի կողմից դատապարտված կատալոնացի քաղաքական գործիչների կողմնակիցները հավաքվել են նաև Մադրիդի Պուերտա դել Սոլ հրապարակում: Նրանք վանկարկում են «Ազատություն»:

Հիշեցնենք, որ Կատալոնիայում զանգվածային բողոքի ցույցերը սկսվել են հոկտեմբերի 14-ին այն բանից հետո, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը 12 կատալոնացի քաղաքական գործչի ազատազրկման դատապարտեց 2017-ին անկախության անօրինական հանրաքվեին  ներգրավված լինելու համար: