Ֆրանսիայում ձերբակալել են 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությամբ «ոգեշնչված» և նմանատիպ ահաբեկչություն ծրագրող անձի
Ֆրանսիայի իրավապահները ձերբակալել են Նյու Յորքում 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Համաշխարհային առևտրային կենտրոնի վրա իրականացված հարձակման ոճով ահաբեկչություն նախապատրաստող անձի, հայտնում է France Info ռադիոկայանը՝ Ֆրանսիայի ՆԳ նախարար Քրիստոֆ Կաստաներին հղումով:
Նախարարի խոսքով՝ կասկածյալը, որը «ոգեշնչվել էր սեպտեմբերի 11-ով» և մտադիր էր օդանավ առևանգել, ձերբակալվել է նախորդ ամիս: Կաստաներն ընդգծել է, որ այս ձերբակալությունը 60-րդ կանխված ահաբեկչությունն է Ֆրանսիայում՝ սկսած 2013 թվականից:
Ոստիկանության աղբյուրները հայտնել են, որ խոսքը Ֆրանսիայի 30-ամյա քաղաքացու մասին է, որը բնակվում է Օ դը Սեն մայրաքաղաքային դեպարտամենտում:
Հիշեցնենք, որ 2001 թվականի սեպտեմբերի 11-ին ահաբեկիչներն առևանգել էին երկու ուղևորատար ինքնաթիռ և բախվել Նյու Յորքում Համաշխարհային առևտրային կենտրոնի երկվորյակ աշտարակներին: Եվս մի առևանգված օդանավ բախվել էր Վաշինգտոնում ռազմական գերատեսչության շենքի արևմտյան թևին, իսկ 4-րդ առևանգված օդանավն ընկել ու կործանվել էր Փիթսբուրգ քաղաքի մոտ:









