Միշել Պֆայֆերն անսպասելի խորհուրդ է տվել Բեթմենի մասին նոր ֆիլմում Կատու կնոջ դերակատար Զոի Կրավիցին (տեսանյութ)
Հոլիվուդյան դերասանուհի Միշել Պֆայֆերը, որը 1992 թվականին «Բեթմենը վերադառնում է» ֆիլմում կերտել է Կատու կնոջ (Սելինա Կայլ) կերպարը, Good Morning America-ի ժամանակ անսպասելի խորհուրդ է տվել Զոի Կրավիցին:
«Անպայման համոզվիր, որ դիզայներները քո կոստյումի ստեղծման ժամանակ նախատեսեն, թե ինչպես ես գնալու զուգարան»,- ասել է դերասանուհին՝ հավելելով, որ դա իր ամենասիրելի դերերից մեկն էր, և նա չափազանց ուրախ է Կրավիցի համար:
«Այդպիսի պատասխան չէի ակնկալում, բայց հիանալի խորհուրդ էր»,- հայտնել է հեռուստահաղորդավարը:
Ինչպես հայտնի է՝ Քրիստիան Բեյլը նման խորհուրդ էր տվել Բեն Աֆլեքին («Բեթմենն ընդդեմ Սուպերմենի. Արդարության արշալույսին»), ինչպես նաև Ռոբերտ Պատինսոնին, որը հանդես կգա ամերիկյան Warner Bros. կինոստուդիայի սուպերհերոս Բեթմենի դերում:
Ֆիլմը նախատեսվում է թողարկել 2021 թվականի հունիսին: Ֆիլմի ռեժիսորը Մեթ Ռիվզն է (War for the Planet of the Apes ֆիլմի ռեժիսորը):
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ամերիկացի դերասանուհի Զոի Կրավիցը Ռոբերտ Պատինսոնի գլխավոր դերակատարմամբ Բեթմենի մասին նոր ֆիլմում հանդես կգա Կատու կնոջ դերում:
«Մեծ փոքր սուտ» (Big little lies) սերիալի աստղն անցած շաբաթ մասնակցել է քասթինգին: Ըստ հաղորդման՝ նա սցենարից մի դրվագ է կարդացել Պատինսոնի հետ:










