Այն, ինչ տեղի է ունենում ՍԴ նախագահի ընտանիքի հետ, Փաշինյանի հրահանգով է, և դա ողբերգություն է. վերլուծաբանները՝ ՍԴ նախագահի և նրա ընտանիքի հանդեպ գործողությունների մասին

12:58 • 18.10.19

Քաղաքագետ Աղասի Ենոքյանը և վերլուծաբան Նարեկ Սամսոնյանն այսօր մամուլի ասուլիսին անդրադարձան ՍԴ նախագահի և նրա ընտանիքի անդամների հանդեպ գործողություններին:

Ըստ Աղասի Ենոքյանի՝ ոչ թե ԱԱԾ-ն է հատել սահմանագիծը, այլ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Գնում է լուրջ մանիպուլյացիա հանրային կարծիքի: Հեղափոխությունը եղավ նրա համար, որ մարդիկ լավ ապրեն, հետո հայտարարվեց, որ արդարություն պետք է լինի, և դրա համար պետք է Ռոբերտ Քոչարյանը ձերբակալվի, հետո հայտարարեցին, որ պետք է ՍԴ-ից Հրայր Թովմասյանը դուրս գա»,-ասաց նա և նշեց, որ բոլոր տեսակի գծերը անցել են, և սա միտված է վախի մթնոլորտ առաջացնելուն:

Աղասի Ենոքյանը նշեց, որ արդեն «ստուկաչներ» են հայտնվում, և դա բարոյականության այնպիսի կոպիտ ոտնահարում է, որից հետո ոչինչ զարմանալի չի լինի, անգամ քաղաքական սպանությունները, «նոր մարտի 1-երը»:

«Այն, որ թոշակառու մարդուն կանչել են ԱԱԾ տանիքի հարցով, սա ոչ թե արդեն անհեթեթություն է, այլ սա արդեն ողբերգություն է»,-ասաց նա և նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը այսպիսի կոշտ քայլերով փորձում է ցույց տալ, որ ուժեղ պետություն է, սակայն ճիշտ հակառակն է, և արդյունքում հանցագործ խմբավորումները ջրի երես են դուրս գալիս:

Նարեկ Սամսոնյանը նշեց, որ եթե ժամանակին սովորական քաղաքացիներ են «ստուկաչներ», մատնություն գրողներ եղել, ներկայումս կա «ստուկաչների» ինստիտուտ, որոնք ԱԺ պատգամավորներ են: «Հայաստանում կրիմինոգեն իրավիճակը գնալով վատանում է: Մենք գործ ունենք մի իրավիճակի հետ, որ ոչ թե մոտենում ենք 37 թվականին, այլ հատում ենք: Մենք շատ կարճ ժամանակ հետո Հայաստանում ունենալու ենք ամենաթողության վիճակ, և դրա պատասխանատուն լինելու է Նիկոլ Փաշինյանը»,-ասաց նա:

Նարեկ Սամսոնյանն ասաց, որ այն, ինչ տեղի է ունենում ՍԴ նախագահի ընտանիքի հետ, ուղիղ Նիկոլ Փաշինյանի հրահանգով է: «Նիկոլ Փաշինյանը լավ կանի՝ երեխաներին, հորը պատրաստի, որ նրանք պետք է հարցաքննվեն: Այսպիսի բան Հայաստանում չի եղել: Այս իշխանությունները երկար ժամանակ չեն մնալու, որևէ մեկը չի ներվելու, կատարողները ևս պետք է պատժվեն, անխուսափելի է լինելու Նիկոլ Փաշինյանի հեռացումը»,-ասաց նա: