Ըստ էության, Արցախը հանձնելու ծրագիրը պատրաստ է, հող են նախապատրաստում փաստաթուղթը ստորագրելու համար. քննարկում
Կարծեմ Մամեդյարովը հայտարարում էր, թե փաստաթուղթը պատրաստ է և մնում է դետալների շուրջ համաձայնության գալ: Այս մասին մամուլի ասուլիսին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով Արցախի հարցին: «Այսինքն՝ ըստ էության, Արցախը հանձնելու ծրագիրը պատրաստ է, և ՍԴ նախագահի շուրջ ստեղծված իրավիճակով, ՀՀ-Արցախ հարաբերությունների լարումով հող է նախապատրաստվում Նիկոլ Փաշինյանի կողմից այդ փաստաթուղթը ստորագրելու համար, որ իրեն խանգարող չլինի»,-ասաց նա և նշեց, որ այս լարվածությունը կարող է տանել Արցախը հանձնելուն:
Նա նշեց, որ թեև Նիկոլ Փաշինյանը եկավ հակակոռուպցիոն կոչերով, սակայն այս ընթացքում հակակոռուպցիոն քանի՞ օրենք է ընդունվել: «Կոռուպցիոն հին ձևերը մնացել են և առաջացել են նոր ձևեր»,-ասաց նա: Աղասի Ենոքյանն ասաց, որ դեռևս չեն ձևավորվել ընդդիմադիր բևեռ, ընդդիմադիր ուժեր:
Վերլուծաբան Նարեկ Սամսոնյանը նշեց, որ Արցախ–Հայաստան հարաբերությունների լարվածության հիմքում ամբիցիաներ կան: «Այստեղ հոգեբանական մաս կա, մենք գործ ունենք բանակից փախած մարդու հետ, ով բանակից փախածների կառավարության ղեկավար է»,-ասաց նա:
Ըստ նրա՝ Նիկոլ Փաշինյանը քայլ առ քայլ գնում է Լևոն Տեր-Պետրոսյանի ճանապարհով, այսինքն՝ հրաժարականի ճանապարհով: «Եթե Նիկոլ փաշինյանը Արցախի հարցով գնաց դրան, դա կարող է իր ֆիզիկական գոյության վերջը լինել: Վերջերս հրապարակված հոդվածի նման Նիկոլ Փաշինյանը ստեղծել է երկիր՝ «Հայկական ժամանակ»,-ասաց նա:









