Հ. Թովմասյանի հետ կապված այս գործելակերպը հատուկ է մաֆիոզ կառույցներին, երբ անձի, այս դեպքում՝ ՍԴ նախագահի մտերիմ մարդկանց «առևանգել են», որ ընկճեն նրան. Հ. Ավետիքյան (տեսանյութ)

16:13 • 18.10.19

Այս գործելակերպը հատուկ է մաֆիոզ կառույցներին, երբ անձի, այս դեպքում՝ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի մտերիմ մարդկանց գողանում, «առևանգում են», որպեսզի ընկճեն նրան: Այս մասին ԱԱԾ շենքի մոտ լրագրողների հետ զրույցում ասաց «Ազգ» շաբաթաթերթի գլխավոր խմբագիր Հակոբ Ավետիքյանը՝ անդրադառնալով ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հորը և դուստրերին ԱԱԾ հրավիրելուն:

«Սա անընդունելի գործելակերպ է, և պետք է այս կառույցից հեռու լիներ: Ցավալի է, որ այս կառույցն է նման գործելաոճ որդեգրել: ԱԱԾ-ն մի կառույց է, որ պետք է զբաղվի երկրի անվտանգությամբ, պետք է հսկի պետության անվտանգությունը՝ հետախուզությունը և հակահետախուզությունը: Սա է նրանց գործառույթը և ոչ թե մարդկանց բռնել, ընկճել որպեսզի կարողանան հասնել որևէ այլ նպատակի»,- հայտարարեց նա:

Ըստ Ավետիքյանի՝ իշխանության նպատակն այն է, որ Սահմանադրական դատարանը դարձնեն հլու-հնազանդ կամ որպեսզի այդ կառույցի միջոցով հասնեն այլ նպատակների:

Հարցին՝ կարո՞ղ ենք ասել, որ նա երևույթի դեմ է, այդ պատճառով է եկել այստեղ և ոչ թե անձով է պայմանավորված, Ավետիքյանը նշեց՝ երկուսն էլ: «Ես մեծ հարգանք եմ տածում Հրայր Թովմասյանի և նրա ընտանիքի հանդեպ, և երևույթն էլ, բնականաբար, տհաճ է»:

Հարցին էլ՝ Հրայր Թովմասյանի հրաժարականով կհասնե՞ն նրան, որ ունենան հլու-հնազանդ ՍԴ՝ հաշվի առնելով, որ ՍԴ մյուս դատավորներն էլ չեն ենթարկվում իշխանություններին, նա պատասխանեց. «Անդամների մեծ մասը փորձառու մարդիկ են, առայժմ չեմ տեսնում, որ նման ճեղքվածքներ լինեն ներսում, դրանով է պայմանավորված համապատասխան հրահանգավորումը՝ ՍԴ նախագահի հարազատ մարդկանց այստեղ հրավիրելը: Շատ քիչ երկրներ կան, որոնք նման կերպ են վարվում լուրջ կառույցների հետ, չգիտեմ՝ նրանք կհասնեն իրենց նպատակին, թե ոչ, սակայն մենք պետք է զորակցենք, որպեսզի նման բան տեղի չունենա»,- եզրափակեց նա: