Համանախագահների այցը տարածաշրջան մտահոգիչ օրինաչափություն ի հայտ բերեց. փորձագետ

17:13 • 18.10.19

Առկա լարված իրավիճակում համանախագահների տարածաշրջանային այցից մեծ ակնկալիքներ, ըստ էության, չկային: Սակայն այցն ի հայտ բերեց մեկ այլ՝ բավական մտահոգիչ օրինաչափություն: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում նշեց «Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանը՝ անդրադառնալով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջանային այցին և այդ այցն ամփոփող համատեղ հայտարարությանը:

«Համանախագահների այցը տարածաշրջան տեղի ունեցավ բավական լարված մթնոլորտում: Մի կողմից՝ ընդհանուր տարածաշրջանային զարգացումները, մյուս կողմից՝ սահմանային սրացման դեպքերը հայ-ադրբեջանական և ղարաբաղա-ադրբեջանական սահմաններին և, ի վերջո, կողմերի կոշտ հռետորաբանությունը. Երևանից հայտարարում են «Արցախը Հայաստան է, և վերջ», իսկ Բաքվից պատասխանում՝ «Ղարաբաղը Ադրբեջան է, և բացականչական նշան»: Նման իրավիճակում մեծ ակնկալիքներ համանախագահների այցից, ըստ էության, չկային»,– ասաց նա:

Սակայն, ըստ նրա, համանախագահների այցն ի հայտ բերեց մեկ այլ, շատ հետաքրքիր և մտահոգիչ օրինաչափություն: «Այս այցի ընթացքում ևս, ինչպես իրենց նախորդ տարածաշրջանային այցերի ժամանակ, համանախագահները Բաքվում հանդիպեցին նաև այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներկայացուցիչներին: Եվ չնայած ադրբեջանական այս միավորի հետ հանդիպումներ համանախագահներն ունեցել են նաև նախկինում, վերջին շրջանում, մասնավորապես՝ 2018-ի մայիսից ի վեր, հանդիպումները պարբերական ու որ ամենամտահոգիչն է՝ արդեն ինստիտուցիոնալ բնույթ են ստանում», - նշեց նա։

Փորձագետը պարզաբանեց, որ եթե 2018-ի նոյեմբերին իրենց հանդիպումը համանախագահները ներկայացնում էին՝ որպես հանդիպում «հակամարտությունից տուժած ադրբեջանական համայնքների հետ», ապա այսօր արդեն ներկայացնում են՝ որպես հանդիպում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի ղեկավարի հետ»:

«Ըստ էության, 2018-ի մայիսից ի վեր համանախագահներն իրենց տարածաշրջանային այցերի ընթացքում միայն մեկ անգամ չեն այցելել Ստեփանակերտ՝ 2019-ի փետրվարին: Այդ այցի շրջանակներում հանդիպում չի եղել նաև այսպես կոչված «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ: Մնացած բոլոր դեպքերում Ստեփանակերտում Արցախի իշխանությունների հետ հանդիպումից հետո Բաքվում կայացել է համանախագահների հանդիպումը ադրբեջանական այդ համայնքի հետ: Սա մտահոգիչ տենդենց է, որն առավել ակնհայտ է դառնում, երբ փորձում ենք դիտարկել բանակցային գործընթացի ցանկացած այլ ժամանակահատվածի հետ համեմատության մեջ»,– ասաց Հերմինե Մխիթարյանը։

Փորձագետը հիշեցրեց, որ օրինակ՝ հեղափոխությանը նախորդած  մեկուկես տարում համանախագահները հինգ անգամ այցելել են տարածաշրջան, որոնցից միայն մեկի ընթացքում՝ 2017-ի հունիսին, հանդիպում են ունեցել «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» հետ, իսկ Արցախ այցելել են հինգ այցերից չորսի ընթացքում: «Նույն տրամաբանությամբ կարող ենք դիտարկել ցանկացած այլ համապատասխան ժամանակահատված», - ավելացրեց նա։

Հերմինե Մխիթարյանի կարծիքով՝ պաշտոնական Բաքուն հմտորեն օգտվեց հայաստանյան նոր իշխանությունների առաջին հայտարարություններից, որ Արցախը պետք է վերադառնա բանակցային սեղան՝ դրան ի պատասխան առաջին պլան բերելով իր կողմից արհեստածին այդ միավորը:

«Բաքուն ռեբրենդինգի ենթարկեց «Ղարաբաղի ադրբեջանական համայնքը», փոխեց ղեկավարին՝ այդ պաշտոնում նշանակելով կադրային դիվանագետ Թուրալ Գյանջալիևին, ձեռնամուխ եղավ միջազգային հարթակներում դրա ամենալայն ներգրավվածության ու մասնակցության ապահովմանը», - նշեց փորձագետը՝ հավելելով, որ համանախագահների այցերի ու բառակազմի փոփոխությունն այս աշխատանքի ակնհայտ արդյունքներից մեկն է և ցուցիչ, որ հայկական կողմը բավարար ջանք չի գործադրել նման զարգացումները կանխելու և նման սցենարները բացառելու ուղղությամբ:

«Բաքուն բանակցային սեղան Արցախի վերադառնալու արդարացի պահանջին ի պատասխան առաջ է քաշում «Ղարաբաղի ադրբեջանական համայնքի» ներգրավվածության հարցը՝ դրանով փորձելով խնդիրը տեղափոխել միջհամայնքային հարթություն: Սրան հայկական կողմը բավարար ուշադրություն չդարձրեց 2018-ին, շարունակում է անտեսել նաև այժմ, ինչի հետևանքները տեսանելի են արդեն ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարություններում»,- եզրափակեց Հերմինե Մխիթարյանը: