Երբ ծանուցում են ստանում ՍԴ նախագահի ընտանիքի անդամները, սա շատ տգեղ երևույթի արձանագրում է, ստալինյան ժամանակ էր այդպես արվում. Զարուհի Փոստանջյան

13:44 • 18.10.19

Այսօր կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները: Այս մասին  «ՀՀ իրավական մարտահրավերները» խորագրով քննարկմանն ասաց փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

Նա նախ նշեց, որ նման քննարկման պահանջն արդի է, և 20 տարի առաջվա խնդիրները նույնն են և արդիական են այսօր էլ: «Ավելին, երբ ժամանակին քողարկում, ասում էին՝ մենք նման գործողություններ չենք արել, հիմա հրապարակավ այդ մասին հայտարարվում է, և հեղինակները չեն էլ ժխտում, որ իրենց ապօրինի գործողությունները շարունակելու են»,- հայտարարեց նա:

Փոստանջյանի խոսքով՝ այսօրվա բռնապետության օրոք քաղաքական հաղորդում է փակվել և դրանով, ըստ Փոստանջյանի, արձանագրվում է, որ խոսքի ազատությունը սահմանափակվում է, ոտնահարվում է քաղաքական նպատակներից ելնելով, քանի որ այլ կարծիք հնչեցնելը գործող իշխանությունների համար թույլատրելի չէ: Նրա կարծիքով՝  քաղաքական ճնշման պատճառով է հաղորդումը փակվել:

Փոստանջյանն այնուհետև անդրադարձավ ՍԴ նախագահի հորն ու դուստրերին ԱԱԾ կանչելուն և համեմատեց դա ստալինյան ժամանակների հետ: «Երբ ծանուցում են ստանում ՍԴ նախագահի ընտանիքի անդամները՝ հայրը և դուստերը, սա մի ավելի տգեղ երևույթի արձանագրում է»,-ասաց նա և պատմեց, որ իր ընտանիքում էլ է նման դեպք եղել, իրենք  ապրել են նման իրավիճակ, երբ ստալինյան ժամանակաշրջանում աքսորել են նրա տատիկին, մինչդեռ պապիկին պետք է աքսորեին:

«Եթե այս երևույթները համեմատենք, որ 21-րդ դարում ինչ-որ մի բռնապետ, որը բղավում էր, որ դատավորները վնգստում են, կտեսնենք, որ ստալինյան ժամանակում այլ կերպ էին այդ գործողություններն արվում, հիմա ժողովրդի, «թավշյա հեղափոխության» անունից մարդիկ ցանկանում են իրենց քաղաքականն նպատակներն իրականացնել: Դա անում են, իսկ հանրությանը ներկայացնում են որպես անհրաժեշտ միջոց, նախկինի դեմ պայքարելու համար»:

Փոստանջյանի կարծիքով՝ այսօր պետք է խոսել բացառապես այսօրվա մասին: «Մենք արդյոք ցանկանո՞ւմ ենք ունենալ իրավունքի գերակայության երկիր, թե ցանկանում ենք առաջնորդվել նախկինի նկատմամբ ունեցած մեր էմոցիաներով ու վրեժով: Եթե մենք այդպես պետք է վերաբերվենք, առաջընթաց չենք ունենալու, ավելի է խորանալու ճգնաժամը: Այսօր ես կարող եմ ասել, որ իրավապահ մարմիններն ավելի բռնապետական են, քան դատարանները»,- եզրափակեց նա: