Երվանդ Մանարյանին Երևանի պատվավոր քաղաքացու կոչում է շնորհվել (տեսանյութ)

14:43 • 19.10.19

Երևան քաղաքի 2801-րդ տարեդարձի առթիվ մայրաքաղաքի պատվավոր քաղաքացու կոչում շնորհվեց ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Երվանդ Մանարյանին: 

Այսօր քաղաքի տոնին պատվավոր քաղաքացու կոչման մեդալն արվեստի վաստակավոր գործչին իր իսկ բնակարանում հանձնեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: 

Երվանդ Մանարյանը նշեց, որ մեծ պատիվ է իր համար արժանանալ նման կոչման:

«Ինձ շատ եք ոգևորել թե ստեղծագործական Ձեր անցած կյանքով, թե պետականաշինությանը Ձեր մասնակցությամբ: Դա նոր Հայաստանի կերտման գործում շատ կարևոր էր հայաստանցիների համար, որոնք բռնել էին պայքարի ուղին և երազում էին այսօրվա մասին: Ձեր ակտիվ մասնակցությունն այդ ամենին շատ մեծ դեր է խաղացել: Ես շնորհակալություն եմ հայտնում բոլորի անունից և ես ինքս կարծում եմ, որ յուրաքանչյուր ստեղծագործող մարդ չպետք է անմասն մնա պետության ներսում կատարվող գործընթացներից: Դուք ինձ համար օրինակ եք ծառայել»,- նշել է քաղաքապետ Հայկ Մարությանը:

 Նշենք, որ Երվանդ Մանարյանին պատվավոր քաղաքացու կոչում շնորհելու հիմնավորման մեջ նշված է նրա թատերարվեստի և հայկական կինեմատոգրաֆիայի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդը, ակնառու վաստակը, երկարամյա և բեղմնավոր գործունեությունը:

Երվանդ Մանարյանն աշխատել է Երևանի փաստագրական ֆիլմերի ստուդիայում և «Երևան» կինոմիավորումում։ Եղել է Երևանի պետական տիկնիկային թատրոնի գլխավոր ռեժիսորը։ Նկարահանվել է վավերագրական և գեղարվեստական մի շարք ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Հայկական մանրանկարչություն»-ը, «Միքայել Նալբանդյան»-ը, «Կառամատույցի կրպակը»-ը, «Լույս»-ը, «Դեղերի ծնունդը»-ը, «Նորից եկավ ամառը»-ը և այլն։

Անվանի դերասան, սցենարիստ և ռեժիսոր Երվանդ Մանարյանը գրել է բազմաթիվ սցենարներ՝ «Տժվժիկ», «Տերն ու ծառան», «Սպիտակ ափեր» և այլն: Հրապարակել է մի շարք պատմվածքներ ու հոդվածներ: 2005 թվականին Երվանդ Մանարյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում, 2018 թվականին արժանացել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչման: