Ցանկացած գործողություն, որ իրականացվում է օտարերկրյա ներդրողի նկատմամբ, պետք է կատարվի չափազանց զգուշավոր․ Արայիկ Պապյանը՝ «Սանիթեք»-ի` արբիտրաժ դիմելու հայտարարության մասին

11:45 • 19.10.19

Միջազգային արբիտրաժի մասնագետ Արայիկ Պապյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով «Սանիթեք»-ի՝ միջազգային արբիտրաժային դատարան դիմելու գործընթացին և հնարավոր հետևանքներին՝ տեսակետ հայտնեց, որ ցանկացած գործողություն, որ իրականացվում է օտարերկրյա ներդրողի նկատմամբ, պետք է կատարվի չափազանց զգուշավոր և պետք է ամբողջապես տեղավորվի օրենսդրության շրջանակներում:

Նա հղում կատարեց դատախազության  հայտարարությանը, որտեղ, ըստ նրա, խոսք էր գնում խարդախության մասին, քիչ աղբամանների ներկրման, տեղադրման և նմանատիպ հարցերի մասին և նկատեց, որ այստեղ միջազգային արբիտրաժ դիմելու և գործընթացը շահելու հավանականությունը միանշանակ չէ:

«Դա կարող է շատ լրջագույն դեր ստանալ ի օգուտ Հայաստանի, որովհետև սովորաբար ներդրումային արբիտրաժային դատարաններն իրավասություն չեն ստանձնում այն ներդրումների նկատմամբ, որոնք իրականացվել են խարդախության միջոցով: Այդ հարցը, եթե խարդախության  հարցը հիմնավորվի, լավագույն դեպքում «Սանիթեք»-ը հնարավոր է հաղթահարի յուրիսդիկցիայի՝ իրավասության փուլում, բայց, ըստ էության, քննության փուլում արդեն հաշվի են առնելու նաև «Սանիթեք»-ի գործունեությունը, թե ինչքանով է ինքը նպաստել, որ այդ խնդիրներն առաջանան, ինչքանով է  իր մեղավորությունը: Եթե  իր մեղավորությունը հաստատվեց, որ իրենք են ստեղծել այդ խնդիրները, այդտեղ հայցային գումարները կարող են նվազել, և ընդհանրապես կարող է հասնել այնպիսի չնչին գումարների, որ նույնիսկ արբիտրաժային դատարան դիմելու իմաստ էլ չլինի»,-ասաց նա:

Արայիկ Պապյանը նշեց, որ սովորաբար փոքր ընկերությունները, ինչպես «Սանիթեք»-ն է, արբիտրաժային դատարաններ շատ քիչ են դիմում, որովհետև  դա շատ թանկարժեք  դատավարական ծախսեր է պահանջում: «Հիմա, եթե մտնում ենք ներդրումների վեճերի կենտրոն, այնտեղ էլ կա հաշվարկում իրականացնելու մեխանիզմներ և սովորաբար միջին  ծախսը մեկ կողմի համար հասնում է մոտ 5 մլն դոլարի: Այստեղ հարց է առաջանում, եթե ընկերությունը չի կարողացել բավականաչափ քանակի կոնտեյներներ ներկրել, որի համար,  ինձ թվում է, ավելի քիչ գումար էր ծախսվելու, քան արբիտրաժային վարույթի ծախսերը, ինչպես է այդ ծախսերը հոգալու»,-ասաց նա:

Քաղաքապետարանի գործողություններն, ըստ նրա, այնքանով օրինական կարելի է համարել, որքանով որ աղբահանության ոլորտն անմխիթար վիճակում էր և պետք էր ինչ-որ քայլեր ձեռնարկել: «Բոլորիս աչքի առաջ է եղել դա և իրավիճակը  կարգավորելու համար, իմ կարծիքով, գործողությունները ճիշտ են արվել, մենք տեսնում ենք արդյունքները՝ արդեն այդ աղբի մեծ կուտակումները չկան»,-ասաց նա:

Հարցին, թե կատարված ներդրումների վնասը ինչպե՞ս է վերադարձվելու, մասնագետը նշեց, որ կողմերը կարող են նստել միմյանց հետ բանակցել և ինչ-որ բալանսի բերել այդ հարցերը:

«Եթե խոսքը վերաբերում է ներդրումային արբիտրաժի դեպքում կոմպենսացիաներին, ապա այդտեղ խնդիրը մի քիչ ավելի բարդ է: Օրինակ՝ ներդրումային պաշտպանության համաձայնագրերը տրամադրում են կոմպենսացիայի մեխանիզմներ էքսպրոպրիացիայի դեպքում (բռնագրավում), բայց կան նաև մեխանիզմներ՝ վնասների հատուցման և այլն, որոնք սահմանվում են միջազգային իրավունքով, և իրականում այդ հաշվարկները չափազանց բարդ է իրականացնել ու տվյալ պահին, որպեսզի կանխատեսենք՝ ի՞նչ հնարավոր  գումարի մասին է խոսքը, պետք է կայացվեն չափազանց բարդ հաշվարկներ և կարելի է ասել, որ անկանխատեսելի է: Ամեն դեպքում, եթե պատրաստվում են դիմել արբիտրաժի, կարելի է  սպասել, որ հայցը ներկայացնեն, և տեսնել, թե ինչ գումարի մասին է խոսքը»,-ասաց նա:

Միջազգային արբիտրաժի մասնագետը նշեց, որ իր տեղեկությամբ «Սանիթեք» ընկերությունը սկզբնական շրջանում՝ 2014թ-ին մոտ 20 մլն դոլարի չափով ներդրումային ծրագրեր է իրականացրել:

«Բայց կրկին դիտարկենք դատախազության հայտարարությունը․ այդ ներդրումներն ամբողջապես չեն իրականացվել, օրինակ՝ աղբամանները պակաս են եղել, հարթակները 20 տոկոսով են կառուցվել և դրա դիմաց վճարումներ են ստացել, պետք է սպասել, իմանալ՝ հայցի մեջ ինչքան պահանջ են ներկայացրել, որից հետո կտեսնենք, թե այդ պահանջներն ինչքանով են հիմնավոր»,-ասաց նա:

Հարցին, թե ՀՀ-ի միջազգային ներդրումային գրավչության վրա ինչպիսի՞ ազդեցություն կարող է ունենալ նման հայցը, միջազգային արբիտրաժի մասնագետը նշեց, որ որպես այդպիսին  արբիտրաժային վարույթների առկայությունը չի կարող վնասակար ազդեցություն ունենալ: «Ցանկացած երկիր, թեկուզ զարգացած, եթե ունի արբիտրաժային վարույթներ, և որոշ  դեպքերում պարտվում է, որոշ դեպքերում հաղթում, ամեն դեպքում չափազանց կարևոր է, որպեսզի  պետության գործողությունները լինեն արդարացի և հիմնավորված: Այսինքն՝ արբիտրաժային վարույթի առկայությունը, ինձ թվում է, չի կարող ազդեցություն ունենալ, բայց դրա  արդյունքները որոշակի խնդիրներ կարող են առաջացնել: Օրինակ այդ համաձայնագրերը սկզբնական շրջանում ստեղծված էին, որպեսզի ներդրողներին պաշտպանեն անօրինական էքսպրոպրիացիայից (բռնագրավում), դա դասակարգվում է որպես քաղաքական ռիսկ, եթե իրականացվի էքսպրոպրիացիա, կարող է ազդել  երկրի ներդրումային գրավչության վրա: Բոլոր դեպքերում, ցանկացած գործողություն, որ իրականացվում է  օտարերկրյա ներդրողի նկատմամբ, պետք  է կատարվի չափազանց զգուշավոր և պետք է տեղավորվի  ամբողջապես օրենսդրության շրջանակներում: Պետք չի ցուցաբերել շտապողականություն և իրականացնել  գործողություններ, որոնք կարող են վնաս հասցնել երկրին»,-ասաց նա: