Կատալոնիայում հազարավոր մարդիկ բողոքի ցույց են իրականացրել Ազգային ոստիկանության կենտրոնակայանի մոտ

23:23 • 19.10.19

Բարսելոնայում զանգվածային հանրահավաք է տեղի ունեցել, որը կազմակերպել էր «Հանրապետության պաշտպանության հանձնաժողովներ» կազմակերպությունը:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ցույցը սկսել է Կատալոնիայում Իսպանիայի Ազգային ոստիկանության ներկայացուցչության կենտրոնակայանի մոտից, որտեղ նախօրեին դաժան բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և իրավապահների միջև: Ցույցը երթով հասել է Հաղթանակի կամարի մոտ:

Տեղի ոստիկաններն այդ շրջանում տեղակայված սրճարանների և խանութների տերերին խորհուրդ են տվել փակել դրանք՝ ելնելով անվտանգության նկատառումներից:  

Նշվում է, որ ցուցարարների մի մասը մնացել է ոստիկանության շենքի մոտակա հրապարակում, մի մասն էլ երթով ընթացել է ըստ նախապես ընտրված երթուղու՝ վանկարկելով «Փողոցները միշտ մերն են լինելու» արտահայտությունը, ինչպես նաև «Ազատություն քաղաքական բանտարկյալներին», «Բարսելոնան հակաֆաշիստական է» և այլն:  

Այսօր բողոքի ցույցն անցել է առանց լուրջ բախումների և միջադեպերի: Խոշոր բախումներ էին տեղի ունեցել ուրբաթ, որոնց հետևանքով առնվազն 182 մարդ էր տուժել, որոնցից 152-ը Բարսելոնայում: Ավելի քան 80 մարդ բերման էր ենթարկվել: