Շենգավիթի շինանյութի շուկայի տարածքների վարձավճարները թանկացել են. աշխատակիցները բողոքի ակցիա են անում
13։45
Փաստացի մենք Հայաստանի աշխատող մարդիկ ենք, և տեղի փողի բարձրացման պատճառով մեր բիզնեսները տուժում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի շինանյութի շուկայի աշխատակիցներից մեկը: Նրանք բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ տարածքների վարձակալության գների բարձրացման:
«Այսօր Երևանի տոնն է, ու մենք՝ աշխատողներով, չէինք ուզի տոնը փչացնել: Բայց մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ձմեռն է մոտենում, և բոլոր ֆինանսական պարտականությունները չենք կարողանալու կատարել: Մեզ արդեն կանչել և տեղեկացրել են, որ տարածքների վարձակալության գները բարձրանալու են: Թե ինչքան է բարձրանալու՝ նրանց անձնական որոշումն է»,- ասաց շինանյութի շուկայի աշխատակիցներից մեկը:
Նրա խոսքով՝ իրենց հարցերի պատասխանը 3 օրվա ընթացքում են տալու: Բայց, նրա ձևակերպմամբ, հիմա ամեն ժամն իրենց համար ծանր է:
«Հիմա երկրի բիզնեսի մի զարկերակն են կանգնեցրել, քանի որ ՀՀ-ում բիզնեսով զբաղվողները մեր արձագանքին են սպասում: Մենք չգիտենք և մեզ չեն բացատրել, թե թանկացումն ինչով է պայմանավորված: Խնդիրը վերաբերմունքն է. մենք հարցը տալիս ենք, ասում են՝ մենք ենք լուծողը, ուզում ենք՝ գինը բարձրացնում ենք, ուզում ենք՝ ցածրացնում ենք»,- նշեց նա:
13։13
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի շինանյութի շուկայի աշխատակիցները բողոքի ակցիա են անում: Նրանք դժգոհում են, որ շուկայում իրենց տրված տարածքների վարձավճարներն ավելացնելու որոշում է կայացվել:
Ակցիայի մասնակիցների խոսքով՝ միայն վերջին կես տարվա ընթացքում շուկայում տարածքների վարձակալության գները 50-60%֊ով բարձրացրել են։ Նրանք հայտնում են, որ դրա հետևանքով պարտքեր են առաջանում, իսկ առևտուրը համարժեք չէ տարածքի գնին, եկամուտ չի ապահովում։ Այս անգամ դեռ հայտնի չէ, թե որքան են ցանկանում ավելացնել։ Ակցիայի մասնակիցները նշում են, որ ավելացման դեպքում չեն աշխատի:
Խնդրի լուծման պահանջով շինանյութի շուկայի աշխատակիցները դիմել են նաև տնօրինությանը, որը խոստացել է հստակ պատասխան տալ 3-4 օրվա ընթացքում:









