Մեզ չեն բացատրում, թե թանկացումն ինչով է պայմանավորված. Շենգավիթի շինանյութի շուկայի աշխատակիցները՝ տարածքների վարձակալության գների բարձրացման մասին

13:42 • 19.10.19

Փաստացի մենք Հայաստանի աշխատող մարդիկ ենք, և տեղի փողի բարձրացման պատճառով մեր բիզնեսները տուժում են: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Շենգավիթ վարչական շրջանի շինանյութի շուկայի աշխատակիցներից մեկը: Նրանք բողոքի ակցիա են անում՝ ընդդեմ տարածքների վարձակալության գների բարձրացման:

«Այսօր Երևանի տոնն է, ու մենք՝ աշխատողներով, չէինք ուզի տոնը փչացնել: Բայց մեր ամենամեծ խնդիրն այն է, որ ձմեռն է մոտենում, և բոլոր ֆինանսական պարտականությունները չենք կարողանալու կատարել: Մեզ արդեն կանչել և տեղեկացրել են, որ տարածքների վարձակալության գները բարձրանալու են: Թե ինչքան է բարձրանալու՝ նրանց անձնական որոշումն է»,- ասաց շինանյութի շուկայի աշխատակիցներից մեկը:

Նրա խոսքով՝ իրենց հարցերի պատասխանը 3 օրվա ընթացքում են տալու: Բայց, նրա ձևակերպմամբ, հիմա ամեն ժամն իրենց համար ծանր է:

«Հիմա երկրի բիզնեսի մի զարկերակն են կանգնեցրել, քանի որ  ՀՀ-ում բիզնեսով զբաղվողները մեր արձագանքին են սպասում: Մենք չգիտենք և մեզ չեն բացատրել, թե թանկացումն ինչով է պայմանավորված: Խնդիրը վերաբերմունքն է. մենք հարցը տալիս ենք, ասում են՝ մենք ենք լուծողը, ուզում ենք՝ գինը բարձրացնում ենք, ուզում ենք՝ ցածրացնում ենք»,- նշեց նա: