Լիբանանի կառավարությունը բողոքի ցույցերի ֆոնին հրաժարվել է նոր հարկատեսակներ մտցնելու մտադրությունից
Լիբանանի կառավարությունը բյուջեի եկամուտները կավելացնի՝ առանց նոր հարկեր կամ տուրքեր մտցնելու, այդ մասին հայտարարել է Լիբանանի ֆինանսների նախարար Ալի Հասան Խալիլը՝ վարչապետ Սաադ Հարիրիի հետ երկրում տնտեսական ճգնաժամի հաղթահարմանն ուղղված արտակարգ խորհրդակցությունից հետո, հաղորդում է РИА Новости-ն:
«Վարչապետ Հարիրիի հետ հանդիպման ժամանակ հաստատեցինք, որ բյուջեն կլրացվի առանց նոր հարկերի կամ տուրքերի, ինչպես նաև կչեղարկվեն այդ ուղղությամբ առաջարկված բոլոր նախագծերը, ինչպես նաև ընդունեցինք բարեփոխումների ծրագիրը, որը կիրականացվի բանկային և այլ ոլորտների մասնակցությամբ, որպեսզի քաղաքացիները ստիպված չլինեն նույնիսկ փոքր հարկեր վճարել», - գրել է Խալիլը Twitter-ում:
Ակնկալվում է, որ Լիբանանի կառավարության անդամները կիրակի կհավաքվեն՝ քննարկելու այս իրավիճակից դուրս գալու ելքերը:
Նշվում է նաև, որ Լիբանանի դատարանն ազատ է արձակել Բեյրութի կենտրոնում անկարգությունների բոլոր մասնակիցներին, բացառությամբ երկուսի, որոնք մեղադրվում են քրեական հանցագործություն կատարելու մեջ:
Հիշեցնենք, որ Լիբանանում զանգվածային ցույցերը սկսվել են հինգշաբթի այն բանից հետո, որբ երկրի կառավարությունը բարձրացրել էր WhatsApp-ն օգտագործելու համար հարկը (ամսական 6 դոլար), ծխախոտի հարկը (ներմուծված ծխախոտինը՝ մոտ 1,3 դոլար, տեղականինը՝ 0.5 դոլար): Նախատեսվում է նաև մինչև 2022 թվականը ավելացնել ԱԱՀ-ն՝ 15 տոկոսով: Լիբանանի վարչապետը 72 ժամ էր տվել կառավարությանը՝ ճգնաժամը հաղթահարելու ծրագիր առաջարկելու համար:









