Բարսելոնայի կենտրոնում բողոքի ակցիայի նոր ալիք է բարձրացել

23:47 • 20.10.19

Հազարավոր մարդիկ կիրակի երեկոյան հավաքվել են Բարսելոնայի կենտրոնական շրջաններում՝ իրականացնելու բողոքի հերթական ակցիան, որի ալիքը վերջին օրերին ողողել է Կատալոնիան:

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն, ոստիկանների և ցուցարարների միջև մետաղական պատնեշ է տեղադրվել: Մարդիկ իրենց հետ աղբով տոպրակներ են բերում, որպեսզի այնուհետև նետեն դա արգելապատնեշից այն կողմ:

Ներկա պահին բողոքի ակցիան անցնում է հարաբերականորեն հանգիստ մթնոլորտում, հավաքվածները կոչեր են վանկարկում՝ պահանջելով ազատ արձակել քաղբանտարկյալներին:  

Հանրահավաքները, ճանապարհների և երկաթգծերի փակումն ու անկարգությունները Կատալոնիայում մեկնարկել են հոկտեմբերի 14-ին, երբ Իսպանիայի Գերագույն դատարանը ազատազրկման դատապարտեց 12 կատալոնացի քաղաքական գործիչների անկախության հանրաքվե կազմակերպելու համար: