Թուրքական բանակը վերահսկողություն է սահմանել սիրիական Ռաս էլ Այն սահմանամերձ քաղաքում. ԶԼՄ-ներ

19:31 • 20.10.19

«Սիրիայի դեմոկրատական ուժեր» կոալիցիոն զորամիավորումը սկսել է դուրս բերել իր ջոկատները սիրիական սահմանամերձ Ռաս էլ Այն քաղաքից: Այս մասին հայտնում է ТАСС գործակալությունը՝ հղում անելով արաբական աղբյուրներին:

Հաղորդվող լուրերի համաձայն՝ քրդական ջոկատները սկսել են տարհանվել Հասակա նահանգի հյուսիս-արևմտյան շրջանից: Նրանք ուղևորվում են նահանգի կենտրոնական շրջաններ՝ ըստ ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև ձեռք բերված պայմանավորվածության:

Ավելի ուշ «Ալ-Արաբիա» հեռուստաալքիը հայտնել է, որ թուրքական զորքերը և նրանց աջակցող սիրիական ընդդիմության ուժերը վերահսկողության տակ են առել Ռաս էլ Այն քաղաքը:  

Հոկտեմբերի 17-ին Վաշինգտոնն ու Անկարան համաձայնության են եկել Սիրիայի հյուսիսում ռազմական գործողությունները դադարեցնելու մասին, որից հետո քրդական զորամիավորումները պարտավորվում են ազատել սահմանի երկայնքով 30 կմ տարածությամբ ձգվող շրջանները: