Տաջիկստանում սկսվել են ՀԱՊԿ-ի «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները

12:43 • 21.10.19

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունների հանդիսավոր բացման արարողությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 21-ին՝ Տաջիկստանի Խարբ-Մայդոն զորավարժարանում, որը գտնվում է Աֆղանստանի հետ սահմանի մոտակայքում: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն: Զորավարժությունները տեղի են ունենալու մինչև հոկտեմբերի 29-ը:

«Այսօր տրվել է միջազգային «Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունների մեկնարկը, որոնք տեղի են ունենում Խարբ-Մայդոն զորավարժարանում՝ Տաջիկստանի Հանրապետության տարածքում: «Անխախտելի եղբայրություն-2019»-ն ունի առանձնահատուկ բնույթ, դրա յուրահատկությունը հավաքական գործողություններն են 6 պետությունների՝ Տաջիկստանի, Ղրղզստանի, Ղազախստանի, Հայաստանի, Բելառուսի և Ռուսաստանի զորակազմերի»,-նշել է ՌԴ կենտրոնական ռազմական շրջանի զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լապինը:

Գեներալը նշել է նաև, որ Աֆղանստանում սրվող իրավիճակի և աշխարհում անկայունության առկայության պայմաններում զորավարժությունը ևս մեկ անգամ կհաստատի մասնակից պետությունների ղեկավարության տրամադրվածությունը՝ տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում:

Տաջիկստանի պաշտպանության փոխնախարար Աբդուլխոշիմ Դավրոն Գուլոմզոդան նույնպես ընդգծել է տարածաշրջանի անկայունությունը և անհանգստություն է հայտնել ահաբեկչական կազմակերպությունների ակտիվության և այդ կազմակերպություններին մասնակից պետությունների քաղաքացիների ներգրավվածության հարցով:

«Անխախտելի եղբայրություն-2019» զորավարժությունները կանցկացվեն 2 փուլով: Առաջին փուլում արագ տեղակայման ուժերի օգնությամբ կանցկացվի հակաահաբեկչական օպերացիա, իսկ երկրորդ փուլին, որը խաղաղապահական բնույթ է կրում, կմասնակցեն ևս երկու արտասահմանյան զորամիավորումներ՝ Հայաստանից և Բելառուսից, որոնք Տաջիկստան կժամանեն հոկտեմբերի 24-ին: