«Թուրքիայի գործողության պատճառով Սիրիայում 12 բանտ, որում պահվում են օտարերկրացի ահաբեկիչներ, մնացել է առանց հսկողության». Շոյգու

11:47 • 21.10.19

ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Սիրիայում Թուրքիայի ռազմական գործողության պատճառով 12 բանտ, որում պահվում են օտարերկրացի ահաբեկիչներ, մնացել է առանց հսկողության: Այս մասին տեղեկացնում է РИА Новости-ն:

«Դա կարող է հանգեցնել ահաբեկիչների, այսպես ասած, միգրացիային դեպի իրենց պատմական հայրենիք»,- ասել է Շոյգուն՝ ելույթ ունենալով Պեկինի Սյանշանյան ֆորումի լիագումար նիստին:

Նախարարը կոչ է արել միջազգային հանրությանը համախմբել ջանքերն ահաբեկչության, դրա քարոզի և գաղափարների դեմ պայքարում:

«Ռուսաստանի պաշտպանության նախարարությունն այս ոլորտում մեծ փորձ ունի, և մենք պատրաստ ենք կիսվել այդ փորձով Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի մեր գործընկերների հետ»,- եզրափակել է իր խոսքը Շոյգուն:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին Թուրքիան հայտարարել է Սիրիայում ռազմական գործողության մեկնարկի մասին, որի արդյունքում երկիրն արդեն հարվածներ է հասցրել սիրիական Թել Աբյադ, Ռաս էլ Այն քաղաքներին ու այլ բնակավայրերի: Նպատակը տարածքը «ՔԱԿ-ի ահաբեկիչներից մաքրելն է», այնտեղ անվտանգության գոտի ստեղծելն ու 3-4 միլիոն սիրիացի փախստականներին այնտեղ բնակեցնելը: