Չելյաբինսկում կենդանիներին քնեցնելու փոխարեն նրանց բուժող անասնաբույժ Բագրատ Աղաջանովի դեմ բողոք է ներկայացվել
ՌԴ Չելյաբինսկ քաղաքում անասնաբույժ Բագրատ Աղաջանովը բուժում է տերերի կողմից լքված կենդանիներին՝ նրանց քնեցնելու փոխարեն, գրում է РИА Новости-ն:
Կենդանիներին բուժելուց հետո անասնաբույժն առողջ կենդանիների համար նոր տերեր է փնտրում. այս երևույթը, սակայն, դժգոհություն է առաջացրել, և անասնաբույժի դեմ դատախազությունում բողոք է գրանցվել:
Ինչպես տարածվել է «Вконтакте» սոցիալական ցանցի՝ Չելյաբինսկին նվիրված էջում, Բագրատ Աղաջանովին դիմում են ընտանի կենդանիներին խնամելու միջոցներ չունեցող տեղացիները՝ խնդրելով մահացու ներարկում անել: Վերջերս էլ կեդանիների պաշտպանությամբ զբաղվող մի անձ բողոք է ներկայացրել դատախազությունում՝ դժգոհելով, որ անասնաբույժը գումար է վերցնում կենդանիներին էվթանազիայի ենթարկելու համար, սակայն նրանց չի քնեցնում:
Ըստ մարզի դատախազության մամուլի կենտրոնի տվյալների՝ դատախազությունում Բագրատ Աղաջանովի դեմ բողոք է ներկայացվել՝ քննության անցկացման պահանջով՝ կենդանիներին անօրինական կերպով յուրացնելու, ինչպես նաև կենդանիներին էվթանազիայի ենթարկելու հարցում անորակ ծառայություններ տրամադրելու համար:
Աղաջանովը գործակալությանը հայտնել է, որ տեղյակ է «կենդանիների պաշտպանության հարցերով զբաղվող ինչ-որ անձի» կողմից բողոք ներկայացնելու փաստի մասին:
«Մեզ մոտ հիմնականում բերում են կենդանիների, որոնց վիճակի հետ կապված օպերատիվ միջամտություն է անհրաժեշտ. լինում են դեպքեր, երբ, օրինակ, կատուն ընկել է 9-րդ հարկից: Նման դեպքում վիրահատության արժեքը 15 հազար ռուբլի է կազմում, իսկ վերականգնողական շրջանի խնամքը 5 հազար ռուբլի արժե: Արդյունքում, շատ հաճախ, կենդանու տերը պահանջում է մահացու ներարկում անել: Մենք նրան առաջարկում ենք ստորագրել, որ հրաժարվում է կենդանուց: Մենք մեր հաշվին վիրահատում ենք կենդանիներին, այնուհետև նրանց հանձնում ենք հուսալի ձեռքերի»,- ասել է Աղաջանովը:
Անասնաբույժը նշել է, որ չի կարծում, թե անօրինական որևէ քայլ է անում:









